Եգիպտոսի խորհրդարանի վերին պալատը` Խորհրդատվական խորհուրդը, հավանության է արժանացրել երկրում կարգուկանոնի հաստատման գործում բանակի մասնակցության մասին օրենքը և հաստատել է նախագահ Մուրսիի` Պորտ Սայիդ, Սուեզ և Իսմայիլ նահանգներում արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագիրը:
Օրենքը թույլ է տալիս զինված ուժերին ոստիկանության հետ համատեղ մասնակցել երկրում անվտանգության ապահովմանն ու պետական կարևորություն ունեցող կառույցների պաշտպանությանն ուղղված գործողություններին: Զինված ուժերի գործողությունները պետք է համաձայնեցված լինեն ներքին գործերի նախարարության ներքին զորքերի հետ:
Օրենքի համաձայն՝ սպաներին իրավունք է վերապահված ձերբակալել այն անձանց, ովքեր կխախտեն գործող օրենսդրությունը, ներառյալ՝ Քրեական օրենսգիրքը: Զինծառայողները, սակայն, պետք է բոլոր ձերբակալվածներին հետագա պարզաբանումների համար հանձնեն դատախազության քաղաքացիական մարմիններին: Խորհրդատվական խորհրդի կողմից հաստատված օրենքը ուժի մեջ է մտնում ԶԼՄ-ներում հրապարակման պահից: Օրենքը կգործի մինչև Եգիպտոսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նոր ընտրությունների ավարտը:
Անցյալ տարվա դեկտեմբերին ընդունված սահմանադրության համաձայն՝ համընդհանուր ընտրությունների օրը պետք է որոշվի մինչև փետրվարի վերջը՝ Խորհրդատվական խորհրդի կողմից:








































