«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վաղն անցկացնելու է խորհրդաժողով՝ արտախորհրդարանական քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Մինչ խորհրդաժողովը՝ եռյակը Երևանում երկու հզոր հանրահավաք անցկացրեց՝ երկուսում էլ հայտարարելով, որ իրենց գործողություններն ուղղված չեն Մոսկվայի և Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու դեմ:
Իրենց հրապարակային հայտարարությունների իսկությունն ապացուցելու համար եռյակի դոմինանտ ուժերից երկուսը՝ «Բարգավաճ Հայաստանն» ու Հայ ազգային կոնգրեսը, Ազգային ժողովում իշխող կուսակցությանը ոչնչով չզիջելով՝ վավերացրեցին Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության փաստաթուղթը:
REX գործակալության ղեկավար, ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովի կարծիքով՝ հայաստանյան ընդդիմությունը չպետք է ակնկալի Մոսկվայի աջակցությունը: Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց, որ կարող է վերլուծել և մեկնաբանել ոչ իշխանական եռյակի գործողությունները, բայց դրա անհրաժեշտությունը չի տեսնում, որովհետև դրանք Հայաստանի ներքին խնդիրներն են, ու Մոսկվան դրանց հետ որևէ առնչություն չունի:
«Ով հայտարարում է կամ հույս ունի, որ Մոսկվան կաջակցի իրենց իշխանափոխություն անելու հարցում, պարզապես խաբեբա ու ծաղրածու է: Այդ միտքը նույնիսկ ծիծաղելի չէ, պարզապես կլոունադա է»,- ընդգծեց նա:
Նրա խոսքերով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը դեռ նոր է սկսվում և դեռ հսկայական աշխատանք կա տանելու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում. «Միայն այնպիսի խաբեբա մարդը, ինչպիսին, օրինակ, Լևոն Զուրաբյանն է, կարող է նման բանի հույս ունենալ, որն իբր ամեն անգամ Մոսկվա գալիս իշխանությունների անանուն ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունենում: Նման կլոուններին ու խաբեբաներին Մոսկվան լուրջ չի վերաբերվում: Սա վերաբերում է բոլոր նրանց, ովքեր Մոսկվայի աջակցության վրա են հենվում»:
Ինչ վերաբերում է օրեր առաջ Բերձորում տեղի ունեցած ծեծկռտուքին, ապա Մոդեստ Կոլերովի կարծիքով՝ նման բան տեղի չէր ունենա, եթե «Հիմնադիր խորհրդարան»-ը այդ ավտոերթը նման ֆորմատով չանցկացներ:
Նա անհիմն է համարում նաև այն մեկնաբանությունները, թե նրանց ծեծի են ենթարկել հակառուսական տրամադրությունների կամ Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելուն դեմ արտահայտվելու համար. «Նրանց Ղարաբաղի սահմանին չեն ծեծել նրա համար, որովհետև իրենք հակառուսական տրամադրություն ունեն կամ դեմ են Հայաստանի՝ եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը:
Եթե ուզում էին Արցախի ժողովրդի հետ խոսել, իրազեկել, ապա կարող էին ոչ թե ցուցադրաբար, այլ 2-3 հոգով ավտոբուսներով գնալ ու մարդկանց հետ զրուցել:
Ես չեմ ասում, թե նրանց պետք էր ծեծի ենթարկել, բայց նրանք գիտակցաբար գնացին ցուցադրության»,- եզրափակեց Մոդեստ Կոլերովը։









































