Վաղվանից՝ փետրվարի 5-ից, Համաշխարհային բանկի աշխատակիցները սկսելու են աուդիտ անցկացնել «Նաիրիտ» գործարանում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գործարանի մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ, երբ գործարանի աշխատակիցները հանդիպեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ապա նաև էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի հետ, վերջիններս տեղեկացրել էին, որ Համաշխարհային բանկի կողմից գործարանում կանցկացվի տեխնիկական աուդիտ: Երևան այցելած ՀԲ ներկայացուցիչները «Նաիրիտի» մասնագետների հետ աշխատելով՝ կուսումնասիրեն վերագործարկման հնարավորությունները:
Ըստ վարչապետի և էներգետիկայի նախարարի՝ աուդիտի արդյունքները պարզ կդառնան մարտ ամսին, և դրական եզրակացության դեպքում կառավարությունը կդիմի «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի կառավարման մարմիններին՝ վերագործարկման համար միջազգային մրցույթ անցկացնելու նպատակով:
Հիշեցնենք, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտքն այսօր արդեն կազմում է մոտ 102 մլրդ դրամ, որից 6 մլրդ դրամը՝ աշխատավարձի գծով, 63 մլրդ-ը վարկային պարտավորություններն են, 20 մլրդ-ը՝ Երևանի ՋԷԿ-ին պարտքը, 8,5 մլրդ-ը՝ բյուջետային պարտքը, 1,4 մլրդ-ը՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության պարտքը, իսկ 1,2 մլրդ-ը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության:
Կառավարությունը չի շտապում մարել աշխատակիցների աշխատավարձային պարտքը: 16-18 ամսվա պարտքից նախարարը խոստացել է, որ փետրվարի 25-ին կվճարվի միայն մեկ ամսվա աշխատավարձ, իսկ մնացածը անհայտ է, թե ինչ կլինի: Չնայած նախարար Երվանդ Զախարյանն առաջարկել է վաճառքի հանել գործարանի սարքավորումներից ինչ-որ մաս և վաճառքից գոյացած գումարով վճարել աշխատավարձերը: Նշենք, սակայն, որ գործարանի ամբողջ գույքը գրավադրված է: Եվ այդ նպատակով ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որը պետք է իրացման հետ կապված ուսումնասիրություններ իրականացնի:
«Բայց հիմնականում խոսքը քացախաթթվի արտադրամասի և լրացուցիչ այլ սարքավորումների ու մասերի վաճառքի մասին է, որը բավականին երկար գործընթաց է, և դրա համար ժամանակ է պետք: Այդ ամբողջ գույքը գրավադրված է, և կառավարությունը պետք է միջնորդի, որ գույքը հանվի գրավից, որպեսզի հետո հնարավոր լինի վաճառել»,- ասաց Անուշ Հարությունյանը:
Աշխատակիցները, սակայն, վստահ են, որ գույքի վաճառքից առաջացած գումարով ևս հնարավոր չի լինի մարել պարտքը, քանի որ անկախ կարևորությունից ու տեխնիկական առանձնահատկություններից՝ բոլոր արժեքավոր սարքավորումներն ու գույքը գնահատվելու են որպես մետաղի ջարդոն, որի արժեքով աշխատավարձերի կեսն էլ հնարավոր չի լինի մարել:
Անուշ Հարությունյանը տեղեկացրեց, որ «Նաիրիտ»-ի աշխատակիցներն այսօր հերթական նամակն են ուղղել նախագահին, վարչապետին ու էներգետիկայի նախարարին, որի պատասխանը ստանալուց հետո կորոշեն իրենց հետագա անելիքը: «Նրանց պատասխանից պարզ կլինեն մեր հետագա գործողությունները: Հնարավոր է՝ կրկին բողոքի ակցիաներ լինեն»,- ասաց խոսնակը:









































