Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հունվարի 28-ին պաշտոնական այցով ժամանելու է Հայաստան: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով նախարարի մամլո քարտուղար Դարյա Զատուլինային:
Զատուլինան նշել է, որ հունվարի 28-29-ը Շոյգուն հանդիպելու է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես նաև բանակցություններ է անցկացնելու երկրի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Նրա խոսքերով՝ այս միջոցառումների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմանի ռազմական և ռազմա-տեխնիկական համագործակցության վիճակը և հեռանկարները:
Այցի շրջանակներում՝ Շոյգուն նախատեսում է այցելել նաև Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական բազա, որտեղ նրան կզեկուցեն մարտական պատրաստվածության կազմակերպման, բազայի ուսումնանյութական իրավիճակի, ծառայության պայմանների, զինծառայողների կենցաղի մասին:
Զատուլինան հավելել է, որ հունվարի 29-30-ը Ռուսաստանի պաշտպանության նախարարը կմեկնի Ղազախստանի Հանրապետություն, որտեղ հանդիպելու է ռազմա-քաղաքական բարձր ղեկավարության հետ և քննարկելու է ռազմական ոլորոտւմ երկկողմանի համագործակցության մի շարք ուղղություններ:







































