Մեկ տարի շարունակ կառավարությունը չի կարողանում ընդունված օրենքը կիրառության մեջ դնել. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ հավելելով, որ խնդիրը շրջանառությունն արձանագրելն է, և հենց դու շրջանառության հարկի ժամանակ գնում ես տնտեսվարողի ծախսերի հետևից, դա շրջանառության հարկ չէ, դա ուրիշ հարկ է դառնում:
Նրա խոսքերով՝ պետությունը խոշորին թողած՝ ուզում է փոքրի միջոցով ազդել խոշորի վրա՝ խոշորի տեղն իմանալով հանդերձ:
Անդրադառնալով փետրվարի 5-ին Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին՝ ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ դա Գագիկ Ծառուկյանի անձնական նախաձեռնությունն է, նա ուզում է խորհրդակցել հասարակության լայն շերտերի, անհատների, կշիռ ունեցող մարդկանց հետ, որ քայլեր կատարելուց առաջ համոզված լինի, թե երկրում ինչ իրավիճակ է:
Պատգամավորի խոսքերով՝ ժողովուրդն ընդվզեց և շրջանառության հարկի մասին օրենքը հետաձգեց: «Մենք կարող ենք արձանագրել, որ ժողովուրդն այս փոքր լուծումներով ցույց է տալիս, որ ինքը կարող է հարց լուծել: Բոլորին հայտնի է, որ իշխանությունն օտարված է ժողովրդից, և իշխանության քաղաքական բովանդակությունն այլևս թույլ չի տալիս, որ բարի նպատակով կատարվող քայլերը՝ տնտեսական, սոցիալական բարեփոխումները, դրական արդյունքներ տան, որովհետև չկա վստահություն, և եթե չկա վստահություն, ներդրում չի լինում»:
Նրա խոսքերով՝ անձամբ Գագիկ Ծառուկյանն իր գործով և իր վարքագծով տարիներ շարունակ ապացուցել է, որ ինքը կանգնած է ժողովրդի կողքին, և թվում է, թե ամենամեծ բան կորցնողը այս ամենից պետք է լինի Գագիկ Ծառուկյանը:
Ավելին՝ տեսանյութում:







































