Մինչ այս տարվա հունվարի 14-ից հացադուլի մեջ գտնվող վանաձորցի 33-ամյա Շալիկո Մանուչարյանի հարազատները, հարևանները, բարեկամներն ու ընկերները «ազատություն Շալոյին» կոչով Վանաձորի դատարանի առջև ցույց են անում` պահանջելով ազատ արձակել արդեն 8 ամիս կալանքի տակ գտնվող քրեական գործով մեղադրյալ «Շալոյին», մամուլն ու վանաձորյան հեռուստատեսությունն էլ, իրար հերթ չտալով, ազդարարում են նրա` «անմեղ» լինելու և բերանը կարելու մասին, Լոռու մարզի 3 ԱԺ պատգամավորները` խնդրագրերով, Վանաձորի ավագանու 21 անդամներից 20-ը` դիմումներով, և Վանաձորի մոտ 2000 բնակիչներ` ստորագրություններով, երաշխավորում են Շալոյի համար, թե կալանքից ազատվելով` չի փախչի և չի ազդի նախաքննության վրա: Վանաձորի դատաիրավական ոլորտի տարեգրության մեջ սա առաջին դեպքն է, երբ բնակչությունն` իր ոչ պաշտոնյա առաջնորդներով ակտիվություն է ցուցաբերում դատական գործի նկատմամբ:
Իսկ ո՞վ է Շալիկո Մանուչարյանը. նա քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբոր որդու «զինվորներից» է և մեղադրվում է Դարբինյանի հակառակորդ Արսեն Փիրիխանյանի նկատմամբ մահափորձ կատարելու մեջ: Վերջինս Վանաձորի քաղաքապետի ընտրություններից մեկում քաղաքապետ Դարբինյանի մրցակից, «Հայփոստի» Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Էդիկ Խլղաթյանի թիմից էր: Նրան այդպես էլ ճանաչում են` որպես «Խլղաթանց Արսեն»: Մեկ այլ ՏԻՄ ընտրության ժամանակ էլ Դարբինյանի մեկ այլ մրցակցի` գործարար Գագիկ Հովսեփյանի օգտին էր աշխատում:
Ավելի վաղ «Առաջին լրատվական»-ը տեղեկացրել էր նրա նկատմամբ մահափորձի մասին, ըստ որի` մակնիշը չպարզված հրազենից նրա վրա 2 անգամ կրակելով` դիմել էին փախուստի: Գնդակը դիպել էր ազդրին: Տուժող Փիրիխանյանը տեղափոխվել էր հիվանդանոց: Նշված մահափորձը վերագրվել էր Շալոյին, և նրան մեղադրանք էր առաջադրվել Քր. օր.-ի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: «Առաջին լրատվական»-ի աղբյուրները Շալոյի մասնակցությունը դեպքին հավանական էին համարում հետևյալ հիմնավորմամբ. Շալոն քրեական բնույթի ինչ-որ վեճեր էր ունեցել Ռուսաստանի քրեական միջավայրում (նրան սխալ հանելու հարց էր դրված եղել), ինչը հարթվել էր Դարբինյանների օգնությամբ: Շալոն հայտնի է նաև Լոռու մարզի դատախազի սպանության գործով. կասկածյալների թվում նա էլ էր բերման ենթարկվել:
Փիրիխանյանի մահափորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը 6 ամիս քննելուց հետո նախաքննական մարմինը կասեցրել էր մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ լինելու հիմքով: Այնպես էր ներկայացվում, թե նրան հայտնաբերելուն պես վարույթն անմիջապես վերսկսվելու է, և գործն ուղարկվի դատարան, քանի որ բոլոր ապացույցները ձեռք են բերված: Այնինչ մեղադրյալին իր տանը հայտնաբերելով ու կալանքի տակ առնելով` նոր միայն սկսվեց քննությունը` շարունակվելով 8 ամիս:
Փաստորեն, ամիսներ շարունակ մարզի դատախազի վերահսկողությամբ քննիչների անգործության, այն է` քննչական գործողություններ չկատարելու և առաջադրված մեղադրանքը չհիմնավորելու պայմաններում, Շալոն կալանքի տակ է պահվում` գործում ապացույցների բացակայությամբ: Օրերս էլ Շալոյի հարազատներին իր մոտ հրավիրած Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանն ասել է, թե «ոչ մի լուրջ փաստ չկա նրա նկատմամբ, եթե մինչև հունվարի 24-ն էլ ինչ-որ բան չլինի, բաց կթողնեն»: Շալոյի մայրը հույսով սպասում էր այդ օրվան` ասելով, որ «եթե 24-ին էլ էս դերասանությունը եղավ, կնստի հացադուլի»:
Բայց մինչ քրեական գործի նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազը հայտարարում էր, թե «ոչ մի լուրջ փաստ» չկա մեղադրյալին կալանքի տակ պահելու համար, հունվարի 24-ին դատարան ներկայացած քննիչը միջնորդել է երկարաձգել Շալոյի կալանքի ժամկետը, ինչը բավարարվել է, և փաստորեն Շալոյի մոր նշած «դերասանությունը» շարունակվում է:
Ըստ մեր լավատեղյակ աղբյուրների` Շալոյին կալանքից ազատելու հարցը քննարկվել է դեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակ` իշխանական վերին օղակներում, բայց չի արժանացել նրանց հավանությանը:









































