Դելիի նահանգապետ Տենջեհրա Հաննան հրազեն ունեցող մարդկանց հորդորել է ամեն օր հսկել Հնդկաստանի մայրաքաղաքի փողոցները՝ կանանց նկատմամբ հանցագործությունները կանխելու համար։
Կանանց անվտանգության ապահովման խնդիրը հնդկական հասարակության մեջ առավելապես սրվել է դեկտեմբերի 16-ին Դելիում ավտոբուսի մեջ 23 տարեկան ուսանողուհուն խմբակային բռնաբարության ենթարկելուց հետո։ Չնայած բժիշկների թափած ջանքերին՝ աղջկա կյանքը չի հաջողվել փրկել։ Այդ միջադեպը կտրուկ արձագանք է գտել հնդկական հասարակության մեջ։
Քաղաքներում զանգվածային հուզումների ալիք է բարձրացել, տեղի են ունեցել ընդհարումներ ոստիկանության հետ։ Մարդիկ պահանջել են ոչ միայն պատժել մեղավորներին, այլև միջոցներ ձեռնարկել կանանց նկատմամբ բռնությունը կանխելու համար։
Շաբաթ օրը Indian Express-ին տված հարցազրույցում նահանգապետն ասել է, որ ամեն շաբաթ հրազեն կրելու արտոնագիր ստանալու համար մի քանի հայտ է ներկայացվում։ Զենք ունեցողները պետք է հսկեն ավտոբուսների կանգառները և մյուս վտանգավոր վայրերը՝ կանանց պաշտպանելու համար, կանանց վրա բռնացողների դեմ պետք է հրազեն օգտագործել, և չարագործներին պետք է հանձնել ոստիկանություն, ասել է Հաննան։
Նահանգապետի խոսքերով՝ զենք կրելու իրավունք ունեցողներն օրական գոնե մեկ ժամ պետք է հսկեն փողոցները։
Հնդկաստանի գլխավոր ընդդիմադիր ԲՋՊ-ն նահանգապետի հայտարարությունը չի ողջունել, համարել է անպատասխանատու քայլ և ինքնադատաստանի կոչ։
Ավելի վաղ այս շաբաթվա ընթացքում հնդկական աջ «Շիվ Սենա» կուսակցության անդամները կանանց դանակներ էին բաժանել և ինքնապաշտպանական հնարքներ սովորեցրել՝ բռնություններից պաշտպանվելու համար։










































