Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը վերջերս ռուսական RT հաղորդման ժամանակ պատմել է, թե ինչու է ինքը վիրավորված գնացել Հայաստանից: 1in.am-ի տեղեկացմամբ, գեներալը նշել է, որ Արցախյան պատերազմն ավարտվեց Բիշքեկում ստորագրված խայտառակ զինադադարի պայմանագրով, որը ամենամեծ դավաճանությունն էր: Եվ հենց այդ պայմանագրի պատճառով էլ լուրջ անհամաձայնություն է առաջացել իր և ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարների հետ:
Չնայած հետո Լևոն Տեր- Պետրոսյանն անձամբ է գնացել Մոսկվա և գեներալին համոզել, որ վերադառնա Հայաստան, սակայն գեներալը մերժել է: Նորատ Տեր-Գրիգորյանցը, խոսելով Բիշքեկի (1994-ի մայիսի 5-ին) զինադադարի մասին պայմանագրից, ասել է, որ հաղթանակած պետությանը վայել չէր ստորագրելու այդպիսի խայտառակ մի զինադադար, որը չէր բխում հայ ժողովրդի և Հայկական պետության շահերից։ Ըստ նրա, այդ խայտառակ պայմանագիրը ստորագրեցին մարդիկ, որոնք ընդհանրապես չէին հասկանում քաղաքական կամ ռազմական գործից, նրանք չգիտեին, թե ինչ է նշանակում ստրատեգիա. «Բիշքեկի զինադադարի պայմանագիրը, ավազին գրված պայմանավորվածություն էր, մի բան որը իրենից ոչինչ չի ներկայացնում, դա ոչ միայն խայտառակ պայմանագիր էր, այլև խեղկատակություն և ապուշություն: Չկար ոչ մի պարտավորվածություն կամ երաշխիք, քանի որ հենց հաջորդ օրը կարող էր վերսկսել պատերազմը։ Պայմանագրի մեջ չճշտվեց ոչ մի հստակ սահմանագիծ և Ադրբեջանին չպարտադրվեց ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»:
Այս առնչությամբ Aravot.am–ի հետ զրույցում Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար Մկրտիչ Մկրտչյանը (Մարշալ) համաձայնեց գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի գնահատականների հետ. «Ճիշտ է ասում, որովհետև այն ժամանակ մեր դիրքերը շատ ամուր էին, մենք կարող էինք պարտադրել որոշակի կետեր, որը մենք չարեցինք: Առաջին նախագահին ես միշտ չեմ սիրել, և ես չեմ համարում, որ ինքը ազգային գործիչ է, նա է արել դա: Բայց մյուս կողմից էլ, եթե նույնիսկ առաջ գնայինք, ցանկությունները լավ է, որ ինչքան կարողանայինք, մեր կորցրած հողերը հետ բերեինք: Այն ժամանակ գուցե այդպես մտածեինք, բայց հիմա, որ հայացք ենք գցում անցած ուղուն, մեր հետ բերած հողը դեռ տիրություն չենք անում: Մենք վաղուց պետք է այդ գրաված կամ հետ վերադարձրած տարածքը բնակեցրած լինեինք, բայց չենք բնակեցնում: Քո երկիրն է դատարկվում, ուրիշ դատարկ տարածքներ վերցնեինք, ի՞նչ էինք անելու:
Դիտարկմանը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթանակած նախագահ է, ինչո՞ւ են հիմա զինադադարի պայմանագրի համար նրան դավաճանության մեջ մեղադրում՝ Մկրտիչ Մկրտչյանը կոշտ պատասխանեց. «Ղալլաթ է արել, ինքը հաղթանակած նախագահ չի եղել: Իր բախտը բերել է, որ հաղթանակների ժամանակ ինքը այդ աթոռին նստած է եղել: Ես իրեն հաղթանակած չեմ համարում»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում










































