Հունվարի 25-ին աշխատանքային այցով Էստոնիայի Հանրապետությունում էր գտնվում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ այցի շրջանակներում քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել Էստոնիայի և Հայաստանի ԱԳՆ-երի միջև: ԱԳ նախարարի տեղակալ Մառտ Լաանեմաեի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, իրավապայմանագրային և այլ հարցեր: Երկուստեք արձանագրվել է երկկողմ հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը:
Կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ, հատուկ անդրադարձ է կատարվել Հայաստան–ԵՄ հարաբերություններին և 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ԵՄ–Արևելյան գործընկերություն գագաթաժողովին: Ծավալուն քննարկումներ են կայացել բազմակողմ, տարածաշրջանային, Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչվող խնդիրներին:
Այցի շրջանակներում քննարկումներ են անցկացվել Արևելյան գործընկերության Էստոնական կենտրոնում Էստոնիայի դիվանագիտական դպրոցի և էլ.կառավարման ակադեմիայի ներկայացուցիչների հետ` Հայաստանում ընթացող զարգացումների, Արևելյան գործընկերություն համագործակցության շրջանակներում Հայաստանին վերաբերող հարցերի վերաբերյալ: Էստոնական կողմն առաջարկություններ է ներկայացրել Հայաստանի հետ համագործակցության նոր ծրագրերի իրականացման վերաբերյալ` հաշվի առնելով նախկինում համատեղ աշխատանքի արդյունավետ փորձը:
Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել նաև Էստոնիայի Ռիյկիկոգուի (խորհրդարան) նախագահի առաջին տեղակալ տիկին Լայնե Ռանդյարվի հետ: Հանդիպմանը կողմերը երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստում կարևորել են խորհրդարանական համագործակցության ակտիվացման, փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:
Էստոնիայի խորհրդարանում փոխնախարար Մնացականյանը հանդիպումներ է ունեցել նաև Էստոնիա–Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ, ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ Մատի Ռայդմայի և Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Կրիստինա Օյուլանդի հետ:









































