Առաջին Patriot հրթիռները, որոնք որոշվել է տեղակայել Թուրքիայում, հավանաբար ռազմական պատրաստության կբերվեն հունվարի 26-ին` հայտնում է korrespondent.net-ը:
ՆԱՏՕ-ն որոշել է Սիրիայի հետ սահմանին այդ հրթիռների մի քանի մարտկոց տեղադրել՝ Սիրիայի տարածքից հրթիռային գրոհների դեպքում Թուրքիային պաշտպանելու համար:
ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարներից մեկը՝ բրիտանացի գեներալ Հերի Դիկինը, ավելի վաղ նշել է, որ գործընկերների ռազմական պոտենցիալի խիստ ուժեղացումը նախատեսված է ՆԱՏՕ-ի գործող ծրագրերով:
Նիդերլանդները Թուրքիայում Patriot հրթիռներ են տեղադրել 1991-ին և 2003-ին, ուստի տեղակայման գործընթացը մշակված է և բավական արագ է տեղի ունենում: Հոլանդական մարտկոցները կտեղակայվեն Ադանայում, գերմանականները՝ Կարմանարասում, ամերիկյանները՝ Գազիանթեպում: Տեղակայման վայրը համաձայնեցվել է թուրքական կողմի հետ` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Հաշվարկվել է, որ այդ դիրքերից հրթիռները կկարողանան հրթիռային հարձակումներից պաշտպանել մոտ 3.5 մլն մարդու:
Բրիտանացի գեներալը նշել է, որ Թուրքիայում տեղակայված հրթիռները նախատեսված են բացառապես պաշտպանության համար: Դրանց նպատակն այն է, որ թուրքական կողմ սիրիական հրթիռների արձակման դեպքում դրանք անմիջապես ոչնչացվեն:
Սիրիայի կողմից հնարավոր օդային հարձակումից պաշտպանվելու համար Թուրքիան Patriot հրթիռներ տրամադրելու խնդրանքով նոյեմբերի երկրորդ կեսին դիմել էր ՆԱՏՕ-ին: ՆԱՏՕ-ի խորհուրդը հրթիռների տեղակայման որոշումն ընդունեց դեկտեմբերի 4-ին:







































