Սաուդյան Արաբիայի արքայազն Թուրքի Ալ-Ֆեյսալը համարում է, որ սիրիական ապստամբներին զենք չմատակարարելը սխալ կլիներ: Այս մասին հայտարարել է թագավորական հատուկ ծառայության նախկին ղեկավարը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ:
Պատասխանելով այն հարցին, թե Սաուդյան Արաբիան զենք մատակարարո՞ւմ է սիրիական ընդդիմությանը՝ նա փաստորեն ընդունել է, որ չի կարող խոսել կառավարության փոխարեն:
«Ենթադրում եմ, որ մենք զենք մատակարարում ենք, իսկ եթե չենք մատակարարում, ապա դա սարսափելի սխալ է մեր կողմից»,- ասել է նա:
Միաժամանակ Ալ-Ֆեյսալը նշել է, որ իրավիճակը բարդացնում է արտադրողի հետ կնքած` երրորդ անձանց զենք չմատակարարելու պայմանագիրը:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն նույն հարցին տվել է ավելի խուսափողական պատասխան:
«Թուրք ժողովուրդը հումանիտար օգնություն է ցույց տվել փախստականներին, ինչպես նաև սիրիական բնակչությանը՝ իր պաշտպանությունը լավագույնս ապահովելու համար»,- ընդգծել է նա:









































