Հունաստանի ոստիկանության Զանգվածային անկարգությունների դեմ պայքարի ստորաբաժանումը օպերացիա է անցկացնում Աթենքի մետրոյում, որտեղ փակվել են գործադուլավորները՝ քաղաքացիական մոբիլիզացման մասին կառավարության որոշման ծանուցումը ստանալուց հետո: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
Տեղի ժամանակով առավոտյան ժ. 4-ին (Երևանի ժամանակով` ժամը 06:00-ին) ոստիկանները սկսել են օպերացիան: Ձերբակալվել է 3 գործադուլավոր:
Աթենքի մետրոյի աշխատակիցները 9 օր շարունակ գործադուլ են անցկացնում՝ չնայած կառավարության սպառնալիքներին և գործադուլի դատական արգելքին:
Տրանսպորտային արհմիությունները մտադիր են գործադուլը շարունակել մինչև հունվարի 29-ը:
Հինգշաբթի կառավարությունը հայտարարել էր քաղաքացիական մոբիլիզացման մասին: Դա մասամբ ռազմական միջոցառում է, որը նախատեսում է ձերբակալություն և 3 ամսից 5 տարվա ազատազրկում աշխատանքի դուրս գալուց հրաժարվողներին:
Տրանսպորտային ոլորտի աշխատողները բողոքում են աշխատավարձի հաշվարկման՝ իրենց համար անշահավետ համակարգի դեմ, որի հետևանքով կորցնում են իրենց աշխատավարձի 9-17 տոկոսը:









































