Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահ, հայտնի հայատյաց Դողու Փերինչեքը CNN TÜRK-ի «360 աստիճան» հաղորդման եթերում, խոսելով հունվարի 28-ին Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) կայանալիք դատական լսումների մասին՝ անդրադարձել է նաև երեկ Գերմանիայի կառավարության՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին։
Փերինչեքը, ով միայն վերջերս է Թուրքիայի վճռաբեկ դատարանի կողմից երկիրը լքելու թույլտվություն ստացել, հայտարարել է. «Թուրքիան փոխեց Եվրոպայի կլիման։ Օրինակ՝ Գերմանիայի խորհրդարանում կայացած նիստում ի պատասխան «ձախակողմյանների» պնդուների՝ Գերմանիայի կառավարությունը հստակ ցույց տվեց իր դիրքորոշումը, որը չափազանց կարևոր է Թուրքիայի համար։ Նրանք հայտարարեցին, որ «ջարդերի ու տեղահանությունների բացահայտումը Թուրքիայի ու Հայաստանի հարցն է», իսկ ինչ վերաբերում է որոշ երկրներում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներին, ապա դա անընդունելի է։ Ահա սա էր կառավարության պատասխանը։
Երեկ Գերմանիայի խորհրդարանում 1915 թվականի դեպքերը «ջարդեր ու տեղահանություն» որակող Դաշնային կառավարությունը հայտարարել է, որ հարգանքով է վերաբերվում թուրքական ու հայկական կողմերի երկկողմ հարաբերությունները կարգավորելուն ուղղված համարձակ քայլերին, կարևորում է երկու կողմերի մերձեցումն ու պատմաբանների հանձնաժողովի ստեղծման համարձակությունը, սակայն միևնույն ժամանակ նշել է, որ «ջարդերի ու տեղահանությունների» բացահայտումը միայն Թուրքիայի ու Հայաստանի հարցն է։
Հիշեցնենք, որ 2005 թվականին Դողու Փերինչեքը Շվեյցարիայում հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանությունը «իմպերիալիստական սուտ է»։ Այս խոսքերի համար շվեյցարական դատարանը նրան 90-օրյա ազատազրկման էր դատապարտել, և որպես այլընտրանք՝ Փերինչեքը պետք է վճարեր ցեղասպանությունները ժխտողների համար օրենքով սահմանված տուգանքը։
Սակայն 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի՝ պատճառաբանելով, թե իբր Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այսինքն՝ խոսքի ազատության իրավունքը:
Այս որոշումից հետո Շվեյցարիայի կառավարությունը դիմեց ՄԻԵԴ՝ բողոքարկելու Փերինչեքի գործով որոշումը։ Նախորդ տարվա հունիսին ՄԻԵԴ-ի հինգ դատավորներից բաղկացած կազմը կայացրեց գործի քննությունը դատարանի Մեծ պալատ ընդունելու մասին որոշում:
Օրերս Թուրքիայի վճռաբեկ դատարանը ժամանակին «Էրգենեքոնի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված, սակայն 2014 թվականին դատարանի որոշմամբ երկիրը չլքելու պայմանով ազատ արձակված Փերինչեքի վրա դրված արգելքը չեղյալ է հայտարարել, ինչը նշանակում է,որ վերջինս կմասնակցի հունվարի 28-ին կայանալիք դատական լսումներին։









































