«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի առաջատար վերլուծաբան, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը:
– Պարոն Լուկյանով, Գյումրիում տեղի ունեցած իրադարձություններից հետո որքանո՞վ են Մոսկվայում գիտակցում իրավիճակի ողջ լրջությունը: Ինչպե՞ս եք Դուք բնութագրում վերջին օրերին տեղի ունեցողը:
– Առաջին հերթին դա սարսափելի ողբերգություն է: Բացի դրանից՝ իմ կարծիքով, ռուսական իշխանությունը ճկուն չգտնվեց և չհաշվարկեց կրքերի թեժացումը: Պետք էր ավելի օպերատիվ գործել: Երրորդ՝ ցավոք, այդ միջադեպնայնպիսին է, որ հնարավոր է օտար տարածքներում ռազմաբազաներ տեղակայելու դեպքում: ԱՄՆ-ի հետ նման բաներ տեղի են ունենում ամեն օր: Այդ պատճառով այստեղ պետք է օպերատիվ գործել և տվյալ երկրի հասարակությանը ցուցադրել, որ ռուսական մարմինները լիովին պատրաստ են արդարության հաստատմանը:
– Ցուցարարների և մի քանի պաշտոնական անձանց միակ պահանջն այն է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրի ուժով Պերմյակովին հանձնեն Հայաստանի արդարադատությանը: Մոսկվայի՝ Պերմյակովին հայկական կողմին չհանձնելու չոր դիրքորոշումը որքանո՞վ կարող է ազդել երկու երկրների հարաբերությունների վրա:
– Ես ծանոթ չեմ համաձայնագրերին, բայց ընդունված պրակտիկայի համաձայն՝ այլ երկրներում հանցագործություն իրականացրած զինծառայողներին դատում է սեփական արդարադատությունը, սեփական երկիրը՝ իր օրենքներով: Եթե Դուք նայեք ԱՄՆ փորձը, այլ կերպ ուղղակի չի լինում: Ինչ վերաբերում է տվյալ դեպքին, ես կարծում եմ՝ ակնհայտ է, որ նրան չեն հանձնի հայկական իշխանություններին ինչ դժգոհություններ էլ որ լինեն: Բայց կարծում եմ, որ ռուսական կողմը ամեն ինչ կանի, որ նրան դատեն Հայաստանում, բայց ռուսական բազայում և ռուսական օրենքներով, որպեսզի ոչ ոքի մեջ կասկածներ չլինեն, թե փորձ է արվում նրան հեռացնել պատասխանատվությունից:
Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դա չափազանց վատ ու ողբերգական պատահար է, կարծում եմ, որ հարաբերությունները որոշ ժամանակով կվատանան, առաջին հերթին՝ հասարակական մթնոլորտը: Անկեղծ ասած՝ ես չեմ տեսնում, թե ինչ կարող է փոխվել: Այն պատճառը, որի հետևանքով ռուսական ռազմաբազան գտնվում է այնտեղ, ոչ մի կերպ չի փոխվել, և դրանում հետաքրքրված է ոչ միայն Ռուսաստանը, այլև առաջին հերթին Հայաստանը:
– Մոսկվային առհասարակ հետաքրքրո՞ւմ է գյումրեցիների վերաբերմունքը այդ ռազմաբազայի, զինծառայողների նկատմամբ:
– Եթե հարցը վերաբերում է Պերմայկովին հայկական կողմին հանձնելու պահանջին, ապա ես ասացի, որ դա բացառված է: Ինչ էլ որ այնտեղ տեղի ունենա, դա արդեն սկզբունքի և սեփական սուվերենության հարց է Ռուսաստանի համար: Ես հասկանում եմ, որ Հայաստանի համար դա կարող է ծայրահեղ բացասական արձագանք առաջացնել, բայց եթե մարդիկ ողջամիտ մոտենան այս հարցին, կհասկանան, եթե Հայաստանը լիներ Ռուսաստանի փոխարեն, ապա նույն կերպ կվարվեր:
Ինչ վերաբերում է առհասարակ մեխանիզմներին, թե ինչպես կդասավորվեն զինվորականներին, ռազմաբազայի ղեկավարության հարաբերությունները տեղի բնակչության հետ, ապա եթե այնտեղ խնդիրներ կան, իսկ այս դեպքն ապացուցեց, որ դրանք գոյություն ունեն, ապա դա առանձին քննարկման թեմա է: Ես կարծում եմ, որ ռուսական կողմը, բացի տվյալ դեպքի քննությունից, պետք է նաև շատ կոշտ միջոցներ ձեռնարկի բազայի ղեկավարության նկատմամբ, թե ինչպես է հնարավոր, որ զինվորը փախչի զենքով, և ինչպես է հնարավոր, որ նման անկարգություն լինի: Դա ելնում է նաև ռուսական շահերից, որովհետև այստեղ ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների հարցն է, այլև այն հարցը, թե ինչ է տեղի ունենում մեր բանակում:
– Հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին շատ լարված իրավիճակ է: Մենք երեկ ու այսօր լսել ենք միանգամից մի քանի դիվերսիոն հարձակումների մասին: Ինչի՞ հետ կարող է կապ ունենալ սահմանի ներկա լարվածությունը:
– Ես չեմ կարծում, որ դա ինչ-որ բանի հետ կապ ունի, եթե միայն ադրբեջանական կողմը չի ցանկանում այս իրարանցումն օգտագործելով՝ հավելյալ ապակայունացնել իրավիճակը: Բայց, մյուս կողմից, դա Ադրբեջանին ձեռնտու չէ, որովհետև նրանք դժվար թե ցանկանում են Հայաստանին հիշեցնել, թե ինչպես է նրան պետք ռուսական ռազմաբազան, իսկ այս պարագայում հենց դա է ստացվում:










































