Այսօր, ժամը 17.30-ի սահմաններում, երկար պայքարից հետո Վրաստանի Ռուսթավիի կալանավայրից ազատ արձակվեց հայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը: Ռուսթավիում նրան դիմավորեցին հարազատները, ընկերները, Վրաստանում հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները և Վրաստանում հայկական եկեղեցու սպասավորները:
«Առաջին լրատվական»-ին հաջողվեց մի քանի հարցի շուրջ խոսել արդեն նախկին քաղբանտարկյալ, «Միասնական Ջավախք» կազմակերպության ղեկավար Վահագն Չախալյանի հետ: Մեզ հետ զրույցում նա տեղեկացրեց, որ սպասում էր իր ազատ արձակմանը: Նա նշեց, որ դժվար է ասել, թե գոհ է, բայց, այնուամենայնիվ, գոհունակություն հայտնեց դրական և ողջամիտ որոշում կայացնելու համար:
«Իմ ազատ արձակման հարցում իր դերակատարությունն, իհարկե, ունեցավ Վրաստանի նոր իշխանությունը, սակայն ես կարծում եմ, որ ազատության մեջ եմ համահայկական պայքարի արդյունքում»,- նման կարծիք հայտնեց նա: Վահագն Չախալյանը եզրափակեց իր խոսքը` ասելով. «Ես չեմ կարող ասել, թե իմ պայքարն ինչ արդյունք է ունեցել, դա ավելի լավ Դուք կարող եք գնահատել»:
Հիշեցնենք, որ Վրաստանում հայ քաղբանտարկյալ, «Միասնական Ջավախք» կազմակերպության ղեկավար Վահագն Չախալյանին առաջադրված հոդվածների վրա տարածվում էր համաներման օրենքը, որն ընդունվել էր 2012թ. դեկտեմբերի 21-ին` Վրաստանի խորհրդարանի կողմից: Սակայն նա ազատ արձակվեց իշխանության շրջանում, խորհրդարանում ծավալված լուրջ քննարկումների արդյունքում, քանի որ, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Բազմազգ Վրաստան» շարժման ղեկավար Առնոլդ Ստեփանյանը, նրա ազատ արձակման դեմ էր քաղաքական ուժերի գրեթե մեծ մասը:








































