Քիչ առաջ Վրաստանի Ռուսթավիի կալանավայրից ազատ արձակվեց հայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քիչ առաջ տեղեկացրեց «Բազմազգ Վրաստան» շարժման ղեկավար Առնոլդ Ստեփանյանը: Նա տեղեկացրեց, որ նրան դիմավորել են Վրաստանում հայկական եկեղեցու ներկայացուցիչները, իր բարեկամենրը, Վրաստանի հայերի կոնգրեսի ղեկավարը:
«Հիմա շարժվում ենք դեպի առաջնորդարան»,- նշեց նա:
Հարցին՝ ինչպե՞ս է Վահագն Չախալյանի առողջական վիճակը, Ա. Ստեփնայանը պատասխանեց. «Այսքան տարիներից հետո չէի ասի, որ լավ, բայց նորմալ տեսք ունի»:
Հիշեցնենք, որ Վրաստանում հայ քաղբանտարկյալ, «Միասնական Ջավախք» կազմակերպության ղեկավար Վահագն Չախալյանին առաջադրված հոդվածների վրա տարածվում էր համաներման օրենքը, որն ընդունվել էր 2012թ. դեկտեմբերի 21-ին` Վրաստանի խորհրդարանի կողմից: Սակայն բացի օրենքներից` նրա ազատ արձակման համար անհրաժեշտ էր նաև քաղաքական կամք:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ավելի վաղ Առնոլդ Ստեփանյանն ասել էր, որ Վրաստանի քաղաքական կուսակցությունների մեծ մասը, այդ թվում` «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը և ԱԺ մի շարք խմբակցություններ դեմ են նրա ազատ արձակմանը, ուստի այդ հարցը դեռևս բարդ է:







































