Ուսումնասիրելով լեռնային սագերի (Anser indicus)՝ աշխարհում ամենաբարձր թռչող թռչուններից մեկի թռիչքի հետագիծը՝ գիտնականները պարզել են, որ նրանք Հիմալայների վրայով թռչում են ոչ թե ուղիղ գծով, այլ տեղափոխվում են վերուվար՝ կախված տեղանքի ռելիեֆի փոփոխությունից: Այս թեմայով ուսումնասիրությունը հրապարակված է Science ամսագրում:
Լեռնային սագերը միակ չվող թռչուններն են, որոնք 2 տարին մեկ հազարավոր կիլոմետրեր են հաղթահարում նոսր օդի պայմաններում՝ թռչելով Հիմալայների վրայով (սագերը բույն են դնում Մոնղոլիայում, իսկ ձմեռում են Հնդկաստանում)՝ մինչև 10 000 մ բարձրության վրա:
Թռչունների վրա տեղադրելով ջերմության, ճնշման, արագացման և սրտխփոցի հաղորդիչներ՝ ուելսցի գիտնականները պարզել են, որ թռչունները մշտապես մեծ բարձրության վրա չեն մնում: Թռիչքի ընթացքում լեռնագագաթներին մոտենալով՝ նրանք իջնում են հողին ավելի մոտ՝ թռչելով հովիտների վրայով:
Գիտնականների հաշվարկով՝ այդպիսի թռիչքը տնտեսում է երթուղու էներգետիկ արժեքի 8-10%-ը: Հարցը մեծ բարձրության վրա օդի նոսրությունն է, որի պայմաններում շարժվելու համար պահանջվում է թևերը երկու անգամ ավելի շարժել: Գիտնականների արձանագրած բարձրության 8 ռեկորդից 7-ը գիշերն է եղել, երբ օդն ավելի սառն ու խիտ է, և դրա միջով թռչելը՝ ավելի հեշտ:
Հետազոտողները նաև նշում են պարադոքսը. չնայած թռիչքի համար էներգետիկ ծախսերն ավելանում են թռչունների քաշի աճի հետ՝ Հիմալայների վրայով թռչող լեռնային սագերը ծանր են թևավորների տեսակների գործնականում 98%-ից:








































