Փետրվարի 11-ի հեղափոխությունից հետո Եգիպտոսում իշխանություն ստանձնած Բարձրագույն զինվորական խորհուրդը բացառել է, որ այդ երկրում իշխանության կարող է գալ «նոր Խոմեյնի»: Այս մասին հաղորդում է եգիպտական MENA գործակալությունը: «Մենք լավատեսորեն ենք նայում ապագային»,- ասել է պաշտպանության նախարարի օգնական Մուհամադ Ալ-Մելլան` ավելացնելով, որ իսլամական ծայրահեղականության դեմ պայքարի առաջամարտիկը աշխարհում ամենահայտնի իսլամական համալսարանն է` Ալ-Ազհարին:
Այս հայտարարությամբ զինվորականները փորձել են փարատել այն մտահոգությունները, թե Եգիպտոսը գնում է Իրանի ճանապարհով, որտեղ 1979 թ. տեղի ունեցավ իսլամական հեղափոխություն:
Զինված ուժերի բարձրագույն խորհրդի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Իսմայիլ Աթմանն ասել է, որ զինվորականությունն անմիջապես իշխանությունը կփոխանցի քաղաքացիական ընտրված իշխանություններին` հույս հայտնելով, թե այլևս անհրաժեշտություն չի լինի, որ բանակը միջամտի ներքաղաքական զարգացումներին:









































