Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները շաբաթ օրը հայտարարել են, որ հավաստի վկայություններ են ստացել Մալիի զինուժի կողմից մարդու իրավունքների լուրջ ոտնահարումների մասին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը և հիշեցնում, որ ներկայում Մալիի զինված ուժերին իսլամիստ գրոհայինների դեմ պայքարում աջակցում են ֆրանսիական ուժերը:
Իրավապաշտպանների տվյալներով՝ բազմաթիվ իրավախախտումներ են հայտնաբերվել երկրի կենտրոնական Նիոնո քաղաքի շրջանում՝ Մալիի զինվորականների իրականացրած մարտական գործողությունների ընթացքում: Արձանագրվել են բազմաթիվ սպանություններ խաղաղ բնակիչների՝ հիմնականում տուարեգների ներկայացուցիչների, արաբների և այլ էթնիկ խմբերի շրջանում:
Իրավապաշտպան կազմակերպությունը Մալիի իշխանություններին, ինչպես նաև ֆրանսիական և արևմտաաֆրիկյան զորակազմերին կոչ է արել անել հնարավորը՝ խաղաղ բնակիչների պաշտպանությունն ապահովելու համար:







































