Ամերիկյան General Electric ընկերությունը, որը մասնակցել է «Ֆուկուսիմայի» շինարարությանը, 10 մլն դոլարի ֆինանսական օգնություն կհատկացնի Տոկիոյի TEPCO էլեկտրացանցերի ընկերությանը, որը վթարային ԱԷԿ-ի կառավարիչն է: Այս մասին հայտնել է GE ընկերության ղեկավար Ջեֆֆ Իմելթը` ելույթ ունենալով Ճապոնիա կատարած իր այցի ժամանակ տեղի ունեցած մամլո ասուլիսում:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, General Electric-ը կզբաղվի էլեկտրաէներգիայի լրացուցիչ հզորությունների ստեղծմամբ, որը Տոկիոյի հարակից տարածքներում հիմա մեծ պահանջարկ ունի: Ամերիկյան ընկերությունն անուղղակի մեղավորություն ունի այս վթարի հարցում:
«Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի առաջին, երկրորդ և վեցերորդ ռեակտորների էներգոբլոկները կառուցվել են General Electric ընկերության կողմից, երրորդն ու հինգերորդը` Toshiba, չորրորդը` Hitachi ընկերությունների կողմից: Միևնույն ժամանակ, բոլոր վեց ռեակտորները նախագծվել են General Electric ընկերությունում:
Հիշեցնենք, որ 2011 թ. մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ում տեղի է ունեցել INES-ի սանդղակով 5-րդ մակարդակի վթար:









































