«Տաշիր» մրցանակաբաշխությունը, որ տեղի ունեցավ երեկ Կրեմլում, իսկապես ցնցել է Հայաստանի հասարակությանը: Թվում է՝ որևէ նոր բան տեղի չի ունեցել. Սամվել Կարապետյանը, որը «Տաշիր»-ի տերն է, ամեն տարի էլ նման մրցանակաբաշխություն է անում և նման շռայլ նվերներ տալիս Հայաստանի շոու-բիզնեսի «աստղերին»` շաբաշի տեսքով:
Ուրեմն, ինչու այս անգամ Հայաստանի հասարակության արձագանքը շատ ավելի բուռն և կոշտ էր, քան նախորդ տարիներին, երբ հասարակությունը ընդամենը ծիծաղում էր շքեղ փաթեթավորված գավառականության և քաղքենիության դրսևորման վրա, և անցնում գնում էր: Ըստ երևույթին, մենք գործ ունենք խորքային երևույթների, խորքային փոփոխությունների հետ, որ տեղի են ունենում Հայաստանի հասարակության շրջանում: Հասարակությունն ավելի ու ավելի ադեկվատ է դառնում առկա իրավիճակին:
Ցավոք, այդ ադեկվատությանը նպաստող գործոններից մեկը, ընդ որում՝ կարևոր գործոններից մեկը, Հայաստանի ծանրագույն սոցիալ-տնտեսական վիճակն է: Այդ վիճակն այսօր այնքան ցցուն է դարձել, որ այլևս չնկատել չի կարող նույնիսկ իշխանությունը: Եվ ահա, այդ ցցուն իրավիճակը հասարակությանը ստիպում է շատ ավելի զգայուն լինել կյանքի այդօրինակ երևույթների հանդեպ, որոնց նկատմամբ նախորդ տարիներին ընդամենը անտարբերություն կամ քմծիծաղ ու արհամարանք էր դրսևորում:
Այլ կերպ ասած՝ երկրի ծանր կացությունը նաև շոկային թերապիայի դեր է կատարում Հայաստանի հասարակության համար: Դրանով էլ նաև պայմանավորված է այն համարժեք արձագանքը, որ եղավ «Տաշիր 2011» մրցանակաբաշխության հանդեպ: Հասարակությունը հասկանում է, որ ցուցադրվող և շաբաշի նման բաշխվող շքեղությունն իրականում ոչ միայն իր թշվառ գոյությանը զուգահեռ ցինիկ իրադարձություն է, այլև համազգային խորքային ճգնաժամի բավական լայնածավալ համախտանիշ, որը քաղցկեղի նման տարածվել է ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի:
Այդ քաղցկեղը սկսել է ներսից ուտել համազգային օրգանիզմը, իսկ դրսից այդ ներքին «ինքնախժռմանը» բարոյական ինդուլգենցիա ապահովելու համար մատուցվում են ճոխ նյութական և կարգախոսային փաթեթներ՝ ի դեմս հայության, հայրենասիրության, «թագավոր տղերքի» ու չգիտես ինչ այդ կարգի այլ պոռոտախոսությունների տեսքով: Հասարակությունը գիտակցում է, որ իր ներկայիս թշվառ վիճակը այդ քաղցկեղի շքեղ ու ճոխ կյանքի հետևանք է` թե՛ ուղղակի հետևանք, երբ քաղցկեղը սնվում է համազգային ներուժից, այս թվում պետական ներուժից, որ առկա է Հայաստանում, թե՛ անուղղակի հետևանք` երբ քաղցկեղն ինքը, սնվելով համազգային ներուժից, թուլացնում է համահայկական օրգանիզմի իրական պոտենցիալը, դիմադրունակությունը օրգանիզմի սրտից` Հայաստան պետություն, մինչև արյունատար մանր ու մեծ անոթները` Հայաստան պետության հանդեպ հայության վերաբերմունք:
Հասարակությունը հասկանում է, որ սա լրջագույն խնդիր է, լրջագույն մարտահրավեր: Հասարակությունը հասկանում է, որ սա միայն հարուստների ցոփություն ու շվայտություն չէ, նրանց բարոյական անկում չէ միայն: Սա հայ ժողովրդի պատմության թերևս ամենամեծ և ամենալուրջ մարտահրավերն է, քանի որ հայ ժողովրդի առողջությանն ու կյանքին դեռ երբեք դրսից այդքան չեն սպառնացել, որքան այժմ սպառնում են ներսից:









































