Google Chrome բրաուզերը մշակողները, որոնք զբաղվում են անվտանգությամբ, համացանցի օգտատերերին պաշտպանելու համար պատրաստվում են բավական արմատական քայլի: Նրանք ծրագրում են արդեն հաջորդ տարի Chrome-ի միջոցով օգտատերերին զգուշացնել կոդավորում չօգտագործող ցանկացած կայքի ոչ անվտանգ լինելու մասին՝ հայտնում է hitech.vesti.ru-ն:
Այդպիսով, https://-ի (կոդավորմամբ պաշտպանված կայք) փոխարեն http://-ով (սովորական ինտերնետ- արձանագրություն, որն օգտագործում են կայքերի մեծ մասը) սկսվող ցանկացած կայք բացելիս օգտատերը նախազգուշացում կստանա, որ փոխանցվող տվյալները պաշտպանված չեն: Chrome-ի անվտանգության համակարգերը մշակողները հայտնում են, որ մտադիր են մշակել և կյանքի կոչել բրաուզերում աստիճանաբար այդպիսի զգուշացումներ ներդնելու ծրագիր:
Google-ում չեն թաքցնում, որ մտադիր են բոլոր կայքերին համոզել HTTPS կոդավորման անցնել, ինչպես դա անում է, օրինակ, Facebook-ը:








































