Վլադիսլավ Մանգասարյանը, ով հանրությանը հայտնի է որպես էլիտար շենքերի կառուցապատող, երեկ վաղ առավոտյան ձերբակալվել է, գրում է «Հրապարակ»-ը: Նրա նկատմամբ հունվարի 16-ից հետախուզում է հայտարարված եղել՝ խարդախության մեղադրանքով: Եվ երեկ, վաղ առավոտյան Հանրապետության փողոցի 76/2 շենքի բնակարաններից մեկից նրան բերման են ենթարկել, և այս պահին նա գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Քանի որ երեկվա դրությամբ Մանգասարյանը դեռևս փաստաբան չուներ, լրացուցիչ ինֆորմացիա պարզել չհաջողվեց: Մանգասարյանի պաշտպանի հարցը թերևս այսօր կլուծվի:
Սակայն թերթին հաջողվեց պարզել, որ խոսքը բավական մեծ գումարների մասին է, և գործարարը ձերբակալվել է կոնկրետ մարդկանց բողոքի հիման վրա:
Ոստիկանությունից «Հրապարակ»-ին հայտնեցին, որ 2011 թվականի հուլիսին Արտաշես Շահբազյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ: Շահբազյանը ոստիկանությանը պատմել է, որ Երևանի Դավիթաշեն թաղամասում գտնվող իր երկու բնակարանները տվել է Վլադիսլավ Մանգասարյանին, սակայն դրա դիմաց գումար չի ստացել: Սակայն այս տարվա հունվարի 12-ին գործի վարույթը կասեցվել էր՝ մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմնավորմամբ: Ինչից հետո Վլադիսլավ Մանգասարյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Լուրեր էին տարածվել, թե բողոք ներկայացրած անձը՝ Արտաշես Շահբազյանը, նույն ինքը՝ Աժ դաշնակցական նախկին պատգամավորն է: Թերթին հաջողվեց կապվել Շահբազյանի հետ, ով, սակայն, հերքեց, որ որևէ կապ ունի Մանգասարյանի ձերբակալման հետ:
«Ես այդ անուն-ազգանունն առաջին անգամ եմ լսում և որևէ կապ չունեմ այդ Մանգասարյանի, առավել ևս նրա ձերբակալման հետ: Ես ոչ մի բողոք չեմ ներկայացրել»,- հեռախոսազրույցում ասաց Շահբազյանը: Հնարավո՞ր է բնակարան եք գնել նրան պատկանող որևէ շենքում՝ հետաքրքրվեց թղթակիցը: «Ոչ, ես ոչ մի բնակարան չեմ գնել: Ես դրա հետ ոչ մի կապ չունեմ»,-հավելեց նախկին պատգամավորը:
Երեկ «Հրապարակ»-ին հաջողվեց պարզել, որ քրգործը երեք դրվագից է, այսինքն, բացի Արտաշես Շահբազյանից, այլ բողոքողներ էլ են եղել: Մեղադրանքում խոսքը 65 միլիոն դրամ, 20 հազար և 150 հազար դոլար գումարների խարդախության մասին է:
Նշենք նաև, որ Մանգասարյանը հանրությանն ավելի հայտնի է մեկ այլ գործարար, սփյուռքահայ ներդրող Էդմոն Խուդյանի հետ ունեցած վեճից: Խուդյանը Մանգասարյանին մեղադրում է իր «Արին կապիտալ» ներդրումային ընկերությունից բավական խոշոր չափերի յուրացումների մեջ: Այդ վեճի շուրջ դատական գործընթացն արդեն մի քանի տարի ձգվում է առանց նկատելի առաջընթացի: Սակայն Խուդյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը երեկ թերթի հետ զրույցում ասաց, որ Մանգասարյանի ձերբակալումը ոչ մի կապ չունի Խուդյանի հետ: Ավելացնենք նաև, որ Խուդյանը հայտարարում էր, թե իր նկատմամբ խարդախություն իրականացրած Մանգասարյանին հովանավորում է Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, ուստի նրան ձեռք չեն տալիս:
Շրջանառվում է նաև, որ Մանգասարյանը մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների մեծ գումարներ է պարտք, ոմանց «քցել» է՝ բնակարանները կրկնակի վաճառելով: Ու նաև պարտատերերի կամքով է, որ նա մինչ այժմ չի ձերբակալվել, որպեսզի, ազատության մեջ մնալով, հնարավորություն ունենա վերադարձնել պարտքը: Բայց երբ համբերության բաժակը լցվել է, դիմել են գործնական քայլերի: Թերթի աղբյուրները նաև հայտնում են, որ Մանգասարյանի ձերբակալության գործում դեր է խաղացել նրա կոնֆլիկտը Գլխավոր դատախազության դատախազներից մեկի հետ: Նա որոշակի գումարային խնդիրներ է ունեցել դատախազի հետ, և շատ հավանական է, որ հետախուզման, ապա նաև ձերբակալման գործում «ներդրում» ունի հենց այդ դատախազը:
Քանի որ, թերթի տեղեկություններով, Մանգասարյանն ազատ ներկայացել ու մասնակցել է քննչական գործողություններին: Վերջերս էլ հանդես եկավ ասուլիսով: Եվ, ի պատասխան Խուդյանի մեղադրանքների, մի շարք հոդվածներ էր հղել նաև «Հրապարակին», որոնք տեղադրվել էին Hraparak.am-ում: Այս պարագայում անհասկանալի է ոստիկանության՝ մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմնավորումն ու հետախուզումը:
Թերթը հավելում է, որ առաջիկայում կներկայացնի գործի հետագա ընթացքը:








































