Այս տարվա հունվարի 1-ից ատամնաբուժական գործունեության հարկումը «Արտոնագրային վճարների մասին» օրենքով ներկայում՝ ատամնաբույժների բողոքներից հետո, լուրջ քննարկման փուլում է: Ինչպես այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, մի քանի օր առաջ հանդիպել է ատամնաբույժների հետ, այսօր էլ է պատրաստվում հանդիպել, իսկ այս պահին մասնագետներն ու ատամնաբույժները հանդիպում են ֆինանսների փոխնախարարի հետ:
«Ես նույնպես գտնում եմ, որ այդտեղ շատ հարցեր կան, որոնք պարզաբանման կարիք ունեն: Կան հարցեր, որ կրկնակի հարկման են դրված, մասնավորապես` ռենտգեն ծառայությունը, պարզաբանման կարիք ունեն օրթոպեդիկ տեխնիկական աթոռները, համալսարաններում ստոմատոլոգիական աթոռները, նաև` զննման կաբինետների հարցը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ հարցերը ճշտելուց հետո պարզաբանում կտրվի:
Նրա խոսքով՝ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել ֆինանսների նախարարությունը, ԱՆ-ի հետ խնդիրը քննարկվել է, սակայն դրանից հետո փոփոխություններ են կատարվել:
«Շեմի հետ կապված` հաշվարկներ են կատարվում, հնարավոր է այն իջեցվի, հնարավոր է` նաև չիջեցվի»,- ասաց նախարարը:









































