Ֆրանսիայի լքված ֆերմաներից մեկի ավտոտնակում հայտնաբերվել է հազվագյուտ ավտոմեքենաների հավաքածու, որն ընդգրկում է 100 դասական սպորտային և ներկայացուցչական դասի մեքենաներ: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Artcurial Motocars-ին:
Պարզվել է, որ մեքենաները պատկանել են ֆրանսիացի տրանսպորտային մագնատ Ռոջեր Բեյլոնին, որը 10 տարի առաջ է մահացել: Նա մեքենաները սկսել է հավաքել 50-ական թվականներից: Բեյլոնին ստիպված է եղել վաճառել հավաքածուի մի մասը, իսկ մնացած մեքենաները մնացել են նրա առանձնատներից մեկում, որտեղ էլ հայտնաբերվել են նրա թոռների կողմից: Մասնագետների կարծիքով՝ շուրջ 60 մեքենա հնարավոր կլինի վերականգնել:
Հայտնաբերված մեքենաների մեջ առկա են այնպիսի բացառիկ նմուշներ, ինչպիսիք են 1956 թ. արտադրված երեք Maserati A6G Gran Sport Frua-ներից մեկը և 1961 թ. արտադրված Ferrari 250 GT SWB California Spider, որոնցից ընդամենը 37 օրինակ է արտադրվել: Ենթադրվում է որ բացառիկ Ferarri-ի արժեքն այժմ կազմում է 12 միլիոն եվրո, իսկ Maserati-ն՝ 1.2 միլիոն եվրո: Հավաքածուում առկա էին նաև Talbot Lago, Amilcar, Bugatti, Delahaye, Jaguar, Lagonda, Packerd, Panhard-Levassor և այլ հայտնի ապրանքանիշների մեքենաներ: Հավաքածուն կներկայացվի 2015 թ. փետրվարի 6-ին կայանալիք աճուրդին:








































