Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ, նախագահ Աբդուլլահ Գյուլը, Թոքաթ մեկնելիս, պատասխանել է լրագրողների հարցերին` մեկնաբանելով վարչապետ Էրդողանի կողմից օրակարգ բերված երկրի կառավարման «նախագահական» (նախագահի համար առավել մեծ լիազորություններ ենթադրող) համակարգին անցում կատարելու մասին լուրը.
«Ես հուսով եմ, որ հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո կգա նոր սահմանադրություն մշակելու ժամանակաշրջանը: Նմանատիպ հարցերի քննարկումն էլ կհամընկնի հենց այդ ժամանակաշրջանին: Այժմ մեր օրակարգում դրված չէ «նախագահական» համակարգին անցում կատարելու խնդիրը»:
Հիշեցնենք, որ WikiLeaks-յան բացահայտումներում նշված էր այն մասին, որ Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Էրիկ Էդելմանի բնորոշմամբ` Գյուլն ու Էրդողանը միմյանց տանել չեն կարողանում, ինչն անգամ չի թաքցվում միջազգային համաժողովների ժամանակ: Ավելին` այդպիսի դեպքերում նրանք հաճախ փորձում են դիմացինին գցել դժվարին իրավիճակի մեջ:









































