Դեկտեմբերի 6-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:
Քննարկվել են Ամանորին նախորդող շրջանում օպերատիվ իրավիճակի վերահսկման խնդիրներ, որոնց նպատակը գույքային հանցագործությունների, մարմնական վնասվածք հասցնելու, ոգելից խմիչքի ազդեցության տակ կատարվող հանցարարքների կանխարգելումն է:
Ոստիկանության պետը ստորաբաժանումների ղեկավարներին կարգադրել է շուրջօրյա ուժեղացված ծառայություն իրականացնել հասարակական վայրերում, առևտրի խոշոր կենտրոններում, փողոցներում, բակերում, բոլոր այն տարածքներում, որտեղ հնարավոր է հանցամիտ տարրերի նախատոնական ակտիվացում:
Ճանապարհային ոստիկանությանը հրահանգվել է բացառիկ անհանդուրժող լինել անսթափ վիճակում ավտոմեքենա վարողների հանդեպ և կանխել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման ցանկացած նման դրսևորում:
Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության մասնակիցներին ցուցում է տվել կանխարգելիչ և նախականխման միջոցառումների ընթացքում սերտորեն համագործակցել քաղաքացիների, շահագրգիռ կառույցների ու կազմակերպությունների հետ՝ համատեղ ու ողջ ծավալով իրականացնելու առաջադրված խնդիրները, որպեսզի որևէ հանցարարք ու միջադեպ չխաթարի գեղեցիկ ու լուսավոր տոնը:







































