Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտները զարգանում են այնպես, ինչպես Եվրոպական միությունը՝ հաղթահարելի տարաձայնություններով. այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Կասպիական համագործակցության ինստիտուտի գլխավոր տնօրեն, ռուսաստանցի հեղինակավոր քաղաքագետ Սերգեյ Միխեևը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ուղերձին՝ ուղղված Դաշնային ժողովին: Նա նախ ողջ ելույթը կշռադատված և տեղին որակեց: Ապա անդրադառնալով Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտների վերաբերյալ Պուտինի ելույթի հակիրճությանն՝ ասաց, որ Պուտինը չի կարող մեկ ուղերձով անդրադառնալ այն բոլոր խնդիրներին, որոնք առկա են աշխարհում և Ռուսաստանում: Այս անգամ, ինչպես տեսաք, նա ընտրել էր խնդիրների աշխարհաքաղաքական շարքը, բայց դա չի նշանակում, որ այլ առաջնահերթություններ, խնդիրներ չկան Ռուսաստանի առջև:
«Նախորդ տարի նա բավական ծավալուն անդրադարձավ Ռուսաստանում միգրացիայի խնդրին, այս տարի ոչ մի խոսք չասաց միգրացիայի մասին, բայց դա չի նշանակում, որ միգրացիայի խնդիրը վերացել է: Յուրաքանչյուր տարի ընտրվում է խնդիրների, առաջնահերթությունների մի խումբ: ԵՏՄ-ի վերաբերյալ կարճ անդրադարձն ամենևին չի նշանակում, որ այդ պրոյեկտները Արևմուտք-Ռուսաստան առճակատման պայմաններում առաջ չեն մղվելու կամ կասեցվելու են, ընդհակառակը, պարզապես այս տարի ուղերձն այսպիսին էր ընտրված՝ ըստ ՌԴ ներկայիս վիճակի»,- ասաց Միխեևը՝ ընդգծելով, որ Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտները, անկախ ամեն ինչից, Ռուսաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթությունն են մնում:
Ինչ վերաբերում է Եվրասիական եռյակի միջև առկա լուրջ տարաձայնություններին պատժամիջոցների խմբին պատկանող մթերքների տարանցման վերաբերյալ, Սերգեյ Միխեևն ասաց, որ այդ տարաձայնությունները բավական փոքր են, կրում են տեխնիկական բնույթ և միություններում նման տեսակի տարաձայնությունները խոսում են բնականոն աշխատանքային գործընթացի մասին:
«ԵՄ-ում Եվրոպական հանձնաժողովն ասում է, որ դեմ է «Հարավային հոսք»-ին, իսկ Ավստրիան, Հունգարիան ասում են՝ կողմ են և այդ ծրագիրը պետք է իրականացվի՝ անկախ Եվրոպական հանձնաժողովի տեսակետից: Բայց դա չի հանգեցնելու Եվրոպական միության տապալմանը: Ցանկացած միավորում առանց տարաձայնությունների, բանակցային գործընթացի անհնար է առաջ տանել: Ես չեմ տեսնում ԵՏՄ-ում չլուծվող տարաձայնություններ»,- ասաց Միխեևը՝ հերքելով այն բոլոր տեսակետները, թե Հայաստանի անդամակցությունը մի կառույցի, որը չհիմնված՝ արդեն քանդվում է, անտեղի է:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր 70 րոպե տևողությամբ ելույթի ընթացքում անդրադարձել էր հայրենակիցների պաշտպանությանը, ՌԴ անվտանգությանը, պատժամիջոցներին, բիզնեսի զարգացմանը, ռուբլու շուրջ ստեղծված իրավիճակին, ուկրաինական ճգնաժամին, դոլարի տատանումներին: Վլադիմիր Պուտինն անդրադարձել էր նաև ԵՏՄ հեռանկարներին:
«2015թ. հունվարի 1-ից իր աշխատանքները մեկնարկող Եվրասիական տնտեսական միության հիմնարար սկզբունքներն են իրավահավասարությունը, պրագմատիզմը և փոխադարձ հարգանքը, ազգային յուրօրինակության, պետական ինքնիշխանության պահպանումը»,- հայտարարել էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:









































