Վրաստանի պաշտպանության նախարարությունը ճիշտ ուղղությամբ է աշխատում: «Գրուզիա Օնլայն»-ի հաղորդմամբ՝ այս մասին Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպաթուրայը:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի կողմն ակտիվորեն կմասնակցի այն փաթեթի իրականացման գործընթացին, որը տրամադրվել է Վրաստանին Հյուսիսատլանտյան դաշինքի ուելսյան գագաթնաժողովի ժամանակ:
«… Իմ թիմը լավ տեսնում է, որ պաշտպանության նախարարությունը ճիշտ ուղղությամբ է աշխատում: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Վրաստանը նոր փաթեթ է ստացել, ինչը ձեր երկրին կօգնի անդամագրվել դաշինքին: Պաշտպանության նախարարությունը բոլոր ջանքերը գործադրում է փաթեթով նախատեսվող ուղղությունների իրականացման համար: ՆԱՏՕ-ի կողմն այդ գործընթացում ակտիվ մասնակցություն կունենա»,- ասել է Ապպաթուրայը:
Նրա խոսքով՝ նշված փաթեթի իրականացման գործընթացում ավելի բարձր մակարդակի այցեր կլինեն Վրաստան:







































