Փոփ-արտի արքա Էնդի Ուորհոլի աշխատանքը՝ «Տիկնայք և պարոնայք» շարքից, Փարիզում աճուրդում վաճառվել է 2,337 մլն եվրոյով: Աճուրդը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը Sotheby’s աճուրդի տանը, հայտնում է TASS-ը:
Տրաֆարետային տպագրության մեթոդով, ակրիլային ներկերի օգտագործմամբ ստեղծված «Վիլհեմինա Ռոսսի» դիմանկարը թվագրվում է 1975 թ.: Մինչ այդ նկարը ոչ մի անգամ չէր դրվել աճուրդի:
«Տիկնայք և պարոնայք» շարքի վրա Ուորհոլն աշխատել է 1970-ական թթ. իր ստուդիայում, ուր հրավիրել է «հարուստների և հայտնիների»: Սակայն այդ անգամ նկարչի առջև կեցվածք են ընդունել անանուն տրավեստի-մոդելներ՝ կարծես ի հակադրություն նրա մյուս կտավների կերպարներին՝ Մերիլին Մոնրոյին, Ժակլին Քենեդիին, Էլիզաբեթ Թեյլորին, Իվ Սեն-Լորանին:










































