Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հունվարի 22-ին Հաագայում ելույթ կունենա Եվրոպայի ապագա տեսլականի վերաբերյալ և կհայտարարի 2018-ին Բրիտանիայում անցկացվելիք հանրաքվեի մասին, որում բրիտանացիները կորոշեն՝ ցանկանո՞ւմ են մնալ ԵՄ կազմում, թե՞ ոչ, հաղորդում են բրիտանական պարբերականները։
Բանակցություններին մոտ կանգնած մարդիկ, սակայն, հավաստում են, որ վարչապետի կարծիքով՝ ԵՄ-ից դուրս գալն իրատեսական չէ։
Վերջերս Քեմերոնը խստացրել է ԵՄ նկատմամբ քննադատությունը: Նա պահանջում է, որ Բրիտանիան ունենա ավելի շատ լիազորություններ, քան ունի Բրյուսելը։ Լոնդոնը նաև արգելանք է դրել ԵՄ բազմամյա բյուջեի վրա՝ պատճառաբանելով, որ այն ձեռնտու չէ Բրիտանիային։
Մի քանի շաբաթ առաջ նա հայտարարել էր, որ հանրաքվե կանցկացնի, սակայն վարչապետը որոշել է հանրաքվե նշանակել 2015 ընտրություններից հետո, եթե պահպանողականները դարձյալ հավաքեն ձայների մեծամասնությունը։
Այդ հայտարարությունը մեծ արձագանքներ էր առաջացրել, առարկություններ են եղել և՛ պահպանողականների ներսում, և՛ ընդդիմադիր լեյբորիստների շրջանում։ Լեյբորիստների առաջնորդ Էդ Միլիբենդը հայտարարել է, որ ԵՄ կազմից դուրս գալը վտանգավոր խաղ է ինչպես Բրիտանիայի, այնպես էլ ԵՄ անդամ երկրների համար։
Mail on Sunday-ը հաղորդում է, որ վարչապետի դիրքորոշումը մեղմացել է, և նա ԵՄ-ն լքելը համարում է անմտություն։ Նա չի հավատում, որ հանրաքվեի ժամանակ բրիտանացիները դուրս գալուն կողմ կքվեարկեն։ Հանրաքվեն վարչապետի համար «բանակցային մարտավարություն» է Բրյուսելի հետ երկխոսելիս, որից նա ուզում է որոշիչ լիազորություններ ստանալ։
Քեմերոնի՝ քաղաքականության վերանայման վրա ազդեցություններ են ունեցել արտրերկրյա քաղաքական գործիչները, որոնց թվում՝ Եվրահանձնաժողովի և ԱՄՆ նախագահները։ Վերջինս հասկացրել է, որ ԱՄՆ-ը չի ողջունում Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից։
Ըստ փորձագետների՝ Լոնդոնը լուրջ կորուստներ կկրի, անգամ եթե բրիտանացիների մեծ մասը կողմ լինի ԵՄ-ն լքելուն։
Վարչապետի տնտեսական հարցերով խորհրդական լորդ Մայքլ Հեզելթայնը նախազգուշացրել է, որ ԵՄ-ն լքելը կվանի արտասահմանցի ներդրողներին, որոնք միջոցները կհանեն երկրից, իսկ դա բացասաբար կազդի աշխատատեղերի վրա։









































