Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարծիք է հայտնել իր գործընկերոջ և նախկին սանի` Ֆիլիպո Ինձագիի աշխատանքի վերաբերյալ: Հիշեցնենք` Անչելոտին գլխավորել է «Միլան»-ը 2001-2009 թվականներին:
«Ես հաջողակ մարզիչ եմ, քանի որ թիմս հիանալի կազմ ունի: Բացի այն, որ նրանք գերազանց խաղային որակներ ունեն, սաներս նաև հիանալի մարդիկ են, ովքեր ընդունում և կյանքի են կոչում որոշումներս:
Սակայն շատ ավելի բարդ էր մեկ թիմում հավաքել Պիրլոյին և Ռուի Կոշտային, Զեդորֆին և Ռիվալդոյին, քան Իսկոյին, Խամես Ռոդրիգեսին և Կրոսին, քանի որ այն ժամանակ ես առաջին անգամ փոփոխել էի ֆուտբոլի իմ փիլիսոփայությունը:
Ինձագին հիանալի է կատարում իր աշխատանքը: Ինչպես ցանկացած մարզիչ, նա կարող է սխալներ գործել, որոնցից էլ համապատասխան դասեր կքաղի: Բայց ակնհայտ է, որ «Միլան»-ը սկսել է առաջ գնալ: Չնայած դեռ դանդաղ: Պետք է համբերատար լինել: Ակումբում նոր դարաշրջան է սկսվում»,- Milan Channel-ը մեջբերում է Անչելոտիի խոսքերը:






































