Այսպես ասած՝ ինտրիգային թեկնածուների ինքնահրաժարումից հետո, նախագահական ընտրության գործընթացում քիչ թե շատ հետաքրքրական թեմաներից մեկը դարձել է այն, թե ում են գնալու ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի կամ ԲՀԿ-ի ձայները: Ահարոն Ադիբեկյանը իր վարկածներն է ներկայացնում, որպես սոցիոլոգիական հարցում, տարբեր փորձագետներ ներկայացնում են իրենց վարկածները: Իրականում, իհարկե, հայաստանյան ընտրողի, այն էլ՝ ներկայիս հոգեբանությամբ ընտրողի պարագայում շատ դժվար է ասել, թե այս կամ այն չմասնակցի ձայներն ում կարող են գնալ:
Եթե բանը լիներ 10-15 տարի առաջ, ապա այն ժամանակ «ընտրող» հասկացությունը որոշակիորեն կուռ կառուցվածք ուներ, և կանխատեսելը համեմատաբար ավելի հեշտ էր: Ներկայումս ընտրող ասվածը բավական լղոզված հասկացություն է և բավական լղոզված են այն չափանիշները, որոնցով առաջնորդվում են ընտրողների մեծ մասը: Այդ դեպքում շատ դժվար է ասել, թե օրինակ՝ ամենավերջին օրը, ամենավերջին պահին չափանիշներից որ մեկը կգերակայի ընտրողի մոտ: Եթե դրանք են գումարում նաև հայաստանյան ընտրությունների առանձնահատկությունները ընտրակեղծարար տեխնոլոգիաների իմաստով, ապա այստեղ արդեն միանգամայն պարզ է դառնում, որ ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի ձայների կամ ընտրազանգվածի միայն շատ փոքր մասն է, որ կանխատեսելի է: Մեծ մասի դեպքում դժվար է ասել, թե որոնք կլինեն կողմնորոշիչները:
Ավելին՝ ԲՀԿ դեպքում, օրինակ, ընտրազանգված ասվածը, մեղմ ասած, խիստ հարաբերական է: Շատ բան կախված է նրանից, թե արդյոք ՀՀԿ-ն այդ ընտրազանգվածին որոշակի ֆինանսական առաջարկներ կանի՞, արդյոք կներգրավի՞ ընտրական ցանցային աշխատանքներում՝ որպես փորձառու ցանցայիններ, որ մինչ այդ աշխատել են ԲՀԿ համար: Եթե ՀՀԿ-ն գնա այդ քայլին, ապա միարժեք է, որ ԲՀԿ ընտրազանգված կոչվածի մեծ մասը կգնա դեպի ՀՀԿ: Եթե ՀՀԿ-ն չառաջարկի նման բան, ապա ամենայն հավանականությամբ ԲՀԿ ընտրազանգվածի ահագին մասը պարզապես կմնա տանը, չի գնա ընտրության, քանի որ այդ ընտրազանգվածն ընտրության այլ մոտիվացիա չունի:
Այլ են ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի պարագաները. այստեղ ընտրողներն առաջնորդվում են ավելի ոչ նյութական կողմնորոշիչներով` գաղափարականություն և հեղինակություն: ՀՅԴ դեպքում շատ մեծ է գաղափարականության շերտը, ՀԱԿ-ի դեպքում` Տեր-Պետրոսյանի հեղինակության: Այս տիրույթը դեռևս ենթակա կլինի կարգավորման, այսինքն՝ նրանք կսկսեն մեսիջներից, թե ինչ հորդոր կգա իրենց քաղաքական ուժից կամ հեղինակությունից: Եթե ոչ մի հորդոր չգա, ապա մեծ է հավանականությունը, որ այդ շերտերն էլ պարզապես կմնան տանը և չեն գնա քվեարկելու: Բայց կան նաև հատվածներ, որոնք կարող են թեկնածուների մեջ գտնել իրենցը, առավել ևս, որ կան երկու ուժերին էլ բավարարելու ունակ թեկնածուներ` Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՅԴ գաղափարական պրիզմայում, Հրանտ Բագրատյանը ՀԱԿ շրջանակում, թեկուզ նախկին կարգավիճակով: Բայց նկատի ունենալով, որ այդ ուժերը խորհրդարանական ընտրություններում առանց այդ էլ ցածր տոկոսներ ունեին, ու այս ընթացքում նրանց հեղինակությունն ու վարկանիշը ամենայն հավանականությամբ ավելի է նվազել, կարող ենք եզրակացնել, որ կոնկրետ ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի, այսպես ասած, էլեկտորատի կշիռը ընդհանուր ընտրական համապատկերում որևէ դեպքում չի լինի որոշիչ, եթե ոչ իհարկե միայն, այսպես ասած, ընդդիմադիր թեկնածուների միմյանց դեմ պայքարում` երկրորդ տեղի համար:
Էականը ԲՀԿ էլեկտորատն է, այն էլ ընդամենը մեկ տեսանկյունից` Սերժ Սարգսյանն ավելի կնախընտրի այդ էլեկտորա՞տը ներգրավել և այդ միջոցով իր դիմաց ձայներ գրանցել, թե՞ պարզապես ձայներ գրանցել, այսպես ասած, անձնագրային կարուսելների հայտնի միջոցով՝ ԲՀԿ էլեկտորատին թողնելով տանը և ընդամենը վերահսկելով, որ հանկարծ որևէ մեկն այդ էլեկտորատին անակնկալ կերպով տանից դուրս չբերի` կարևոր չէ ընտրատեղամաս, թե փողոց, թեև դա, իհարկե, զուտ տեսական, պրակտիկ հավանականություն գրեթե չունեցող հեռանկար է:
Միևնույն ժամանակ, «ո՞ւմ կգնան երեքի ձայները» հարցադրումը, որ առաջ է քաշվում այս օրերին տարբեր հարթակներում, արտաքին ձևի մեջ հետաքրքրություն պարունակող, իսկ իրականում բովանդակային տեսանկյունից բավական անէական է: Այդ ձայների տերեր կուսակցությունները առաջին հերթին հենց իրենք վերջին մի քանի ամիսների ընթացքում ինտենսիվ կերպով արեցին այնպես, որ այդ ձայները այլևս ոչ մի նշանակություն չունենան` լինի դա իրենց մասնակցությամբ, թե մասնակցություն չունենալու դեպքում: Այդ ձայները, այդ էլեկտորատները արժեզրկեցին հենց կուսակցություններն իրենք, այն դատարկ խաղով, որ խաղացին բոլորի առաջ ի դեմս միասնական մարտավարության կամ ռազմավարության, որն իրականում պարզվեց ընդամենը օդով լցված փուչիկ էր, որ պայթեց: Այդ էլեկտորատները անհարգալից վերաբերմունքի արժանացան առաջին հերթին իրենց իսկ քաղաքական ուժերի վարքագծի արդյունքում: Այդ կուսակցություններից որևէ մեկը ոչ այսպես ասած կոլեկտիվ խորհրդակցությունների փուլում էր իր ընտրողին հաշվետու լինում, և ոչ էլ հաշվետու եղավ կայացրած որոշումների հանգամանալից բացատրման և հիմնավորման տեսանկյունից:
Իրենց իսկ ձեռքով խաղալով իրենց ընտրողների արժանապատվության հետ՝ երեք կուսակցությունները ստեղծեցին մի վիճակ, երբ իրենցից ավելի շուտ որպես գործոն դադարեց գոյություն ունենալ իրենց էլեկտորատը: Այդ կուսակցությունները արեցին հնարավորը, որպեսզի իրենց ընտրողների զգալի մասի մոտ առաջացնեն բարոյահոգեբանական բավական ընկճված և արժանապատվության տեսակետից խոցված իրավիճակ, որը բոլորովին նպաստավոր նախադրյալ չէ նախագահական ընտրությանը կենսունակ որևէ վարքագիծ դրսևորելու համար:







































