Կահիրեում երկրորդ օրն է՝ չեն հանդարտվում անկարգությունները, որոնց պատճառը նախօրեին Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի արդարացման դատավճիռն է։ Ստացվող տեղեկությունների համաձայն՝ Թահրիր կենտրոնական հրապարակից ոչ հեռու շարունակվում են բախումները ներքին գործերի նախարարության հատուկ կազմավորումների և ցուցարարների միջև։
Եգիպտոսի նախկին ղեկավարը, ինչպես նաև նրա երկու որդիները, ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ Ալ-Ադլին և վեց բարձրաստիճան ոստիկաններ շաբաթ օրը դատարանի կողմից անմեղ են ճանաչվել 2011 թ. հունվարի 25-ի հեղափոխության օրերին ցուցարարների զոհվելու գործով։ Դա մեծ վրդովմունք է առաջացրել զոհվածների հարազատների, ինչպես նաև երիտասարդ հեղափոխականների ու ազատական երիտասարդության շրջանում, որոնք արդեն հայտարարել են, թե պատրաստվում են բողոքի ակցիաները շարունակել մինչև դատավճռի վերանայումը։








































