Թուրք հասարակությանը վրդովեցրել է Ֆրանսիայում 3 ակտիվիստուհիների սպանությունը, որոնք մասնակցում էին անկախ Քրդստան ստեղծելու պայքարին: Star թերթի հաղորդմամբ՝ փորձագետների ու քաղաքագետների մեծ մասը, վերլուծելով այս դեպքը, միակարծիք են, որ 3 կանանցից հիմնական թիրախը եղել է Սակինե Ջանսիզը` հայտնում է umma.ua-ն:
Նրան անվանում էին Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ոչ պաշտոնական արտգործնախարար: Նա նշանակալի դեր է ունեցել PKK-ի ղեկավարների և թուրքական հատուկ ծառայությունների միջև բանակցությունների ընթացքում, որոնք վերջին տարիներին ընթացել են Օսլոյում և Իմրալի կղզում:
Կողմերը ծրագրել են բանակցային գործընթացը տեղափոխել Իրաքի Էրբիլ քաղաք: Քուրդ ինտելեկտուալ Ումիտ Ֆիրատի խոսքով՝ Սակինե Ջանսիզը մեծ կապեր է ունեցել Արևմտյան Եվրոպայում: Մասնավորապես, նա պատասխանատու է եղել Գերմանիայում PKK-ի դիվանագիտական առաքելության համար:
Դժվար թե Ֆրանսիայի ոստիկանությանը հաջողվի երբևէ իմանալ սպանության պատվիրատուների անունները: Ժամանակին նման կերպ սպանվել է նաև Ջանսիզի ընկերը՝ ևս հայտնի քուրդ գործիչ Մեհմեթ Շեները:
Ջանսիզի սպանությունը կարելի է որակել որպես խաղաղ բանակցությունները խաթարելու փորձ: Հանցագործության պատվիրատուի անունն առայժմ հայտնի չէ: Թուրքական ԶԼՄ-ները նշում են, որ դա կարող է լինել նաև PKK-ի արմատական թևը, որը հետաքրքրված չէ զինված պայքարի դադարեցմամբ:









































