Ուկրաինայի ճակատագիրը կարող է որոշել ԱՄՆ-ում և Գերմանիայում ծավալվող քաղաքական պայքարի ելքը, ասվում է Forbes-ի հոդվածում: Հոդվածի հեղինակը նշում է, որ Բեռլինի դեպքում խոսքը Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության շուրջ իշխող կոալիցիայի ներսում հակամարտության մասին է: Իսկ Վաշինգտոնի դեպքում նոր՝ հանրապետական Սենատը կպայքարի ԱՄՆ նախագահի վարչակազմի դեմ Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելու հարցում, նշվում է հոդվածում:
Գերմանիայում և ԱՄՆ-ում ազդեցիկ խմբակցությունները կարծում են, որ Մոսկվային զիջումները կբերեն ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական լուծման: Սակայն, ինչպես նշում է հոդվածագիրը, Ռուսաստանը նման քայլի կհամաձայնի միայն եթե Ուկրաինան ունակ լինի իրեն պաշտպանել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է ուկրաինական ճգնաժամի լուծման հարցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկարատև հակամարտության պատրաստակամության մասին. «Մենք պետք է համբերություն և տոկունություն պահպանենք ճգնաժամը հաղթահարելու համար»,- հայտարարել է Մերկելը նոյեմբերի 26-ին Բեռլինում խորհրդարանի առջև իր ելույթի վերջում: Հոդվածի հեղինակը նշում է, որ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Մերկելի կոալիցիոն գործընկերները ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի գլխավորությամբ, ըստ ամենայնի, այլ դիրքորոշում ունեն՝ ցանկանալով շարունակել բանակցությունները:
Հոդվածում նշվում է, որ Գերմանիայում կոալիցիան հակամարտությունն ուժեղացրել է Բրիսբենում G20-ի գագաթնաժողովից հետո, երբ Մերկելը խստացրել է Կրեմլի նկատմամբ իր դիրքորոշումը, իսկ Շտայնմայերը մեկնել է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու:
Եթե կոալիցիան փլուզվի Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության պատճառով, Մերկելը, թվում է, նոր ընտրությունների ավելի հավանական հաղթող կլինի, քան սոցիալ-դեմոկրատները, հավելում է հեղինակը:
Օբամայի վարչակազմի և նոր Կոնգրեսի միջև պայքարի մասին խոսելիս դեբատները տարվում են առավելապես ոչ թե Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ (դրանց դեմ չեն երկու կողմն էլ), այլ այն հարցում, թե արդյոք պե՞տք է մահաբեր զենք փոխադրել Ուկրաինա, ասվում է հոդվածում:







































