Վրաստանի վարչապետը հայտարարում է, որ իրեն չեն կարողացել համոզել Արևմուտքում մեծ թվով լոբբիստներ վարձել: Այսպես է Բիձինա Իվանիշվիլին պատասխանել «Օբյեկտիվ» ստուդիայի լրագրողի այն հարցին, թե կարծիք կա, որ նոր կառավարությունը ի վիճակի չէ Արևմուտքին ամբողջությամբ տեղեկացնել այն հանցագործությունների մասին, որոնք թույլ է տվել նախկին կառավարությունը:
«Ինչ վերաբերում է մեր ընկերներին բավականին տեղեկատվություն չտրամադրելուն, մենք դրան քիչ ժամանակ ենք հատկացնում: Ինձ համար ավելի սկզբունքային այլ խնդիրներ կան: Երկրոդ պատճառը՝ կրկին մենք դրան քիչ ժամանակ ենք հատկացնում և համակարգ չունենք: Այս համակարգը ստեղծվել է ինը տարի առաջ, և նրանք ամբողջությամբ լծվել են այս աշխատանքին, և դա նրանց ավելի շատ էր հաջողվում անել: Սակայն, նրանք ամեն ինչ ետ ստացան, քանի որ այդ համակարգը ստի վրա էր հիմնված, և արդյունքում դա նրանց օգուտ չտվեց: Նրանց համակարգը ինը տարի լավ էր աշխատում, իսկ հիմա նրանք հակառակ տեղեկատվությունն են տարածում»,- հայտարարել է Իվանիշվիլին:
Այն հարցին, թե ինչու նոր կառավարությունը նույնը չի անում, վարչապետը պատասխանել է, որ ինքը չի պատրաստվում «այնպիսի դիվանագիտական համակարգ ստեղծել, ինչպիսին Սաակաշվիլիի ռեժիմի ժամանակ էր»:
«Մենք չենք պատրաստվում այդպիսի համակարգ ստեղծել: Երկու օր առաջ այդ թեմայով մենք երեք խորհրդակցություններ ենք անցկացրել: Ինձ մոտ շատ հետաքրքիր խումբ էր հավաքվել, նրանք տարբեր կարծիքներ ունեին, ընդ որում ես փոքրամասնության մեջ էի, սակայն ոչ ոք չկարողացավ ինձ համոզել, որ հարկավոր է այնպիսի համակարգ ստեղծել, որպեսզի Արևմուտքին համոզենք, որ մենք լավն ենք: Ես չեմ կարծում, որ այդպես պետք է լինի: Մենք պետք է դա գործով ցույց տանք: Սակայն մենք պետք է նվազագույնը անենք, և այդ նվազագույնը պետք է դեսպանատներն անեն», -հայտարարել է Իվանիշվիլին:
Նրա խոսքերով՝ նրան չեն կարողացել համոզել, որ հարկավոր է Արևմուտքում մեծ թվով լոբբիստներ վարձել:
«Մենք պետք է մեր գործողություններով ամեն ինչ ցույց տանք, այլ ոչ թե պետության մեջ մեկ բան անենք, իսկ դրսում այլ բան ցույց տանք, որպեսզի երկրի որոշակի իմիջը ստեղծենք: Եթե մենք ստեղծենք այնպիսի պետություն, որի մասին նախկին իշխանությոնները միայն խոսում էին, հավատացնում եմ, որ դա բոլորը կտեսնեն», -հայտարարել է վարչապետը:










































