Թուրքական Haberturk-ը տեղեկացնում է, որ Ստամբուլի Քադըքոյ թաղամասում դաժանաբար սպանվել է հայ ուսուցիչ: Պարբերականի փոխանցմամբ՝ 40-ամյա Իլքեր Շահինը, որը 9 տարի դասավանդում էր Արամյան դպրոցում, վերջին օրերին դպրոց չի գնացել:
Շահինի գործընկերները որոշել են այցելել նրան, բայց նրա դուռը փակ է եղել: Նրանք որոշել են ոստիկանություն զանգահարել: Զանգի մատնանշած հասցեով եկած ոստիկանությունը սոսկալի տեսարանի է ականատես դարձել. ուսուցչին գտել են կտրված կոկորդով գետնին ընկած:
Ոստիկանության վարկածով՝ մինչ սպանությունը նա տևական դիմադրություն է ցուցաբերել: Ոստիկանությունը հերքել է կողոպուտի պատճառով սպանության իրականացման հնարավորությունը:
Հատկանշական է, որ երկու շաբաթ առաջ նույնպես Ստամբուլում հայ կին էր սպանվել: 85-ամյա Մարիցա Քյուչուքին նախ ծեծել էին, դանակի հարվածներ հասցրել, ապա կտրել կոկորդը:









































