Երգչուհի Շերը չեղյալ է հայտարարել Dressed to Kill համերգային շրջագայության մնացած մասը, քանի որ շարունակում է վերականգնվել ինֆեկցիոն հիվանդությունից հետո: Այս մասին հայտնում է Variety պարբերականը:
Հյուրախաղերը սկսվել էին մարտին, իսկ հուլիսին երգչուհին ծրագրված դադար էր վերցրել: Ինչպես նշում է պարբերականը, հիվանդությունը վրա էր հասել սեպտեմբերին՝ հյուրախաղերի վերսկսումից կարճ ժամանակ առաջ:
Նշվում է, որ ելույթները չեղյալ հայտարարելու պատճառ դարձած ինֆեկցիան անդրադառնում է երիկամային գործառույթների վրա: Բժիշկը խորհուրդ է տվել երգչուհուն ավելի տևական դադար վերցնել, քան նա նախատեսում էր:
«Անկեղծ հույս ունեմ, որ հաջորդ տարի մեզ կհաջողվի ավարտել այն, ինչ սկսել ենք»,- ասել է Շերը:
68-ամյա երգչուհին հասցրել է հանդես գալ 49 ելույթով: Չեղյալ է հայտարարվել ընդհանուր առմամբ 29 համերգ, այդ թվում՝ Նյու Յորքում, Բոստոնում, Չիկագոյում և Տորոնտոյում:










































