Ֆրանսիայի մայրաքաղաքում հայտնաբերվել են երեք քուրդ կանանց սպանված մարմիններ, որոնցից մեկը, ըստ տեղեկությունների, եղել է Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամ: Այս մասին հայտնում է իրանական Press TV-ն:
Կանանց գլխին եղել են հրազենային վնասվածքների հետքեր: Նրանց դիակները հայտնաբերվել են Փարիզում՝ Քրդական ինստիտուտի մոտ:
Դեռևս հայտնի չեն տեղի ունեցածի հանգամանքներն ու դրդապատճառները:
Ինստիտուտի ռեկտոր Լեոն Էդարթի խոսքով՝ զոհերից մեկը 32-ամյա Ֆիդան Դողանն է, որն աշխատել է հաստատության Տեղեկատվական կենտրոնում:
Ֆրանսիայում գործող քրդական լրատվական ինտերնետ ռեսուրսը հաղորդում է, որ զոհերից մեկը PKK-ական Սակինե Կանզիսն է, իսկ մյուսը` Բրյուսելում տեղակայված Քրդստանի ազգային կոնգրեսի ներկայացուցիչ:









































