Միլիարդատեր Դոնալդ Թրամփը ներկայացրել է իր ծննդյան վկայականը՝ ապացուցելու համար, որ ինքը «օրանգուտանի որդի» չէ: Նա իր ծննդյան վկայականի պատճենը ուղարկել է հայտնի կատակերգու Բիլ Մարին, որը խոստացել էր 5 մլն դոլար նվիրաբերել Թրամփի ընտրած ցանկացած բարեգործական կազմակերպության, եթե նա կարողանա ապացուցել, որ ինքը չի հանդիսանում «օրանգուտանի որդի»: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Մարին ուղղված՝ Թրամփի փաստաբանի նամակում ասվում է, որ ուղարկված պատճենը վկայում է այն մասին, որ միլիարդատերն ու հեռուստահաղորդավարը հանդիսանում է Ֆրեդ Թրամփի որդին, այլ ո՛չ օրանգուտանի: Փաստաբանը նաև խնդրել էր անհապաղ Թրամփին ուղարկել խոստացված գումարը, որը նա կկիսի 5 բարեգործական ընկերությունների միջև:
Վկայականից պարզ է դառնում, որ Թրամփը ծնվել է 1946 թվականի հունիսի14-ին Նյու-Յորքի Քուինս շրջանում: Նրա ծնողներն են Ֆրեդ Թրամփն ու Մերի Մաքլեոդը:
Նշենք, որ Մարը նման հայտարարությամբ էր հանդես եկել երկուշաբթի՝ հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ:









































