Բրիտանիայի թագուհին փնտրում է աման լվացողի: Պաշտոնական ճաշերից հետո ամանները հարկավոր է լվանալ նաև հանգստյան օրերին: Աշխատավարձը քիչ է, սակայն դրա փոխարեն թույլ են տալիս ապրել հենց Բուքինգհեմյան պալատում:
«Օգնական խոհանոցում՝ աման լվալու մասնագիտացմամբ». այսպիսի հայտարարություն է տեղադրված պաշտոնական կայքում: Թագավորական ընտանիքը ազատ աշխատատեղերի մասին տեղեկացնում է հրապարակայնորեն՝ ըստ աշխատատեղերի շուկայի թափանցիկության սկզբունքի:
Նա, ով ցանկանում է որպես աման լվացող աշխատել՝ պետք է ճշտապահ լինի, հանգիստ բնավորություն ունենա, կարողանա աշխատել թիմում, ապահով մարդ լինել և իհարկե նման աշխատանքի փորձ ունենա: Հարկավոր է աշխատել շաբաթական 40 ժամ: Սակայն պետք է պատրաստ լինել, որ պաշտոնական ընթրիքների դեպքում պետք է աշխատել նաև շաբաթ ու կիրակի օրերին: Իսկ տարվա ընթացքում ամենաքիչը 3 ամիս անընդհատ ուղևորություններ են լինելու՝ ուղեկցելով թագավորական ընտանիքին մի բնակավայրից դեպի մյուսը:
Առաջարկվող աշխատավարձի չափը տարեկան 14.000 ֆունտ է: Շատերը նույնիսկ ծաղրում են՝ չհասկանալով, թե այդ գումարով ինչպես կարելի է ապրել չափից ավել թանկ Լոնդոնում՝ նշելով, որ նման աշխատավարձով կարող են աշխատել միայն նվիրված ռոյալիստները, որոնք պատրաստ են աշխատել «շնորհակալության» դիմաց:








































