Իտալիայի բանկը Վատիկանում դադարեցրել է բանկային քարտերով և ցանկացած էլեկտրոնային վճարումներով բոլոր գործողությունները, քանի որ Սուրբ գահը լիակատար կերպով չի հետևում փողերի լվացման դեմ պայքարի միջազգային կանոններին: Այս մասին հաղորդում է Financial Times-ը՝ վկայակոչելով Վատիկանի մամլո կենտրոնի ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդիին:
Վատիկան այցելելիս զբոսաշրջիկներն այսուհետ չեն կարող օգտվել կրեդիտային կամ դեբետային քարտերից: Թանգարանների տոմսերի և հուշանվերների համար պետք է վճարել կանխիկ գումարով:
Իտալիայի առևտրային բանկերին այսուհետ արգելված է աշխատել Վատիկանի տարածքում: Հաղորդագրությունների համաձայն՝ այժմ Վատիկանը որոնում է առևտրային բանկ, որը գրանցված է Իտալիայի սահմաններից դուրս:
Մինչև հունվարի 15-ը զբոսաշրջիկները դեռևս կարող են համացանցի միջոցով գնել Վատիկանի թանգարանների տոմսեր:
Նշենք, որ Վատիկանի թանգարաններից և հուշանվերների խանութներից ստացված տարեկան շրջանառությունը գերազանցում է 100 միլիոն եվրոն:









































