ԱՄՆ իշխանությունները հունվարի 8-ին Իտալիային են վերադարձրել կերամիկական սափորը, որը թվագրվում է մ.թ.ա. 6-րդ դարով: Այն 1982 թվականին իտալացի արտ-դիլերները կեղծ փաստաթղթերով ամերիկյան թանգարաններից մեկին էին վաճառել: Այս մասին ասվում է ԱՄՆ մաքսային վերահսկողության գործակալության հաղորդագրությունում,- փոխանցում է Lenta.ru-ն:
Սափորի փոխանցման արարողությունը տեղի է ունեցել Օհայո նահանգի Տոլեդո քաղաքի թանգարանում, որտեղ վերջին 30 տարիներին պահպանվել է ցուցանմուշը: Այն Իտալիային վերադարձնելու մասին որոշումը ձեռք է բերվել ԱՄՆ իշխանությունների և թանգարանի վարչակազմի միջև 2012-ի հունիսին:
Հազվագյուտ էտրուսական կուժը զարդարված է նկարով, որում պատկերված է հին հունական Դիոնիսոս աստվածը, որը ծովահեններին դելֆինների է վերածել: Ցուցանմուշը գնահատվում է 665 հազար դոլար:
ԱՄՆ-ի և Իտալիայի իշխանությունները համատեղ հետաքննություն էին անցկացրել, որի ընթացքում պարզվել էր, որ կուժը հայտնաբերվել է ապօրինի պեղումների ժամանակ և Իտալիայից դուրս է բերվել մաքսանենգ ճանապարհով:
Հանցագործության մասնակիցները բացահայտվել են, նրանք դատապարտվել են արվեստի նմուշների անօրինական առևտրի համար:







































