ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արտասահմանում ռազմական գործողություններ իրականացնելու մասով պաշտպանական բյուջեի ավելացման հայտ է ուղարկել Կոնգրեսի քննարկմանը: Flightglobal-ի հաղորդմամբ՝ փաստաթղթում առանձին հիշատակվում է որոշակի քանակությամբ փոքր չզինված անօդաչու թռչող սարքեր գնելու անհրաժեշտությունը, որոնք կօգտագործվեն Իրաքի և Սիրիայի տարածքում ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») դեմ պայքարում: Ծրագրվում է գնման համար 55 մլն դոլար ծախսել:
Հատկապես ինչ սարքեր է նախատեսվում գնել՝ չի հաղորդվում: Ենթադրաբար, զինվորականները կարող են ձեռք բերել ամերիկյան Boeing կոնցեռնի Insitu ստորաբաժանման Scan Eagle կամ RQ-21 Blackjack անօդաչուներ: Այդ սարքերը պիտանի են նավի տախտակամածից արձակման համար:
Insitu-ի արտադրած անօդաչուները գործողության փոքր շառավիղ ունեն:
Բացի անօդաչուներից՝ Օբամայի հայտում առանձին նշված է 544,5 մլն դոլար ԱՄՆ ռազմաօդային ուժերի համար (ծախսերի նպատակը գաղտնի է): Օբաման նաև լրացուցիչ 24 մլն դոլարի հայտ է ներկայացրել «օդ- մակերևույթ» դասի AGM-114 Hellfire հրթիռներ և GBU-39 ավիացիոն ռումբեր գնելու համար: Ծրագրվում է նաև 54,3 մլն դոլար ծախսել BGM-109 Tomahawk թևավոր հրթիռներ և «օդ-մակերևույթ» դասի AGM-65 Maverick հրթիռներ գնելու համար:









































