Այսօր Ազգային ժողովում տարածքային և տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովի կազմակերպած լսումներին ներկա է նաև քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը:
Նա հայտարարեց, որ իրենց որոշումը վերջնական է, և բացօթյա առևտուրը տեղափոխվում է օրինական դաշտ, այսինքն` «մինի մարկետներ»: Երբ պատգամավոր Արծվիկ Մինասյանին խոսքի իրավունք չտրվեց, և հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը նշեց, որ իրենք այս ձևաչափն են հարմար համարել, նիստին ներկա առևտրականները չկարողացան զսպել իրենց զայրույթը, և բարձրաձայն արտահայտեցին իրենց սրտում կուտակած բողոքը և ներկայացրին, թե ինչքան անմարդկային պայմաններում են իրենց գոյությունը շարունակում պահպանել:
Ստեղծված իրավիճակը տևեց մոտավորապես 10 րոպե, ինչի արդյունքում հանձնաժողովը, չկարողանալով դադարեցնել աղմուկը, ընդմիջում հայտարարեց:









































