Մեծ Բրիտանիայում կնկարահանվի ամբողջ աշխարհում հայտնի «Դաունթաունի աբբայություն» սերիալի 6-րդ սեզոնը, որը արիստոկրատ Գրենթամների ընտանիքի և նրանց սպասավորների մասին է, նաև ցուցադրված է XX դարի սկզբի բրիտանական հասարակության կյանքը: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել են սերիալի ստեղծողներ՝ ITV հեռուստաալիքի և Carnival Pictures պրոդյուսերական ընկերության ներկայացուցիչները:
«Դաունթաունի աբբայության» 5-րդ սեզոնի ցուցադրությունը Մեծ Բրիտանիայում ավարտվում է առաջիկա կիրակի օրը: Ֆիլմի յուրաքանչյուր սերիան դիտել է միջինը 10.4 մլն մարդ, ինչը շատ բարձր ցուցանիշ է:
2011թ. «Դաունթաունի աբբայությունն» ԱՄՆ-ում ճանաչվել է տարվա լավագույն մինի-սերիալ՝ արժանանալով «Էմմի» մրցանակի: Անցած տարի սերիալն արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ որպես լավագույն հեռուստատեսային ֆիլմ: «Դաունթաունի աբբայությունն» ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես «քննադատների կողմից ամենաքննարկված» սերիալ:









































