Լեգենդար իտալացի երգիչ և դերասան Ադրիանո Չելենտանոն այսօր նշում է ծննդյան 75-ամյակը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ծննդյան նախօրեին նա որոշել է փոքրիկ անակնկալ մատուցել իր երկրպագուներին՝ իր ինտերնետ բլոգում տեղադրելով նախկինում չհրապարակված՝ հայտնի ռեժիսոր Ջուզեպպե Դե Սանտիսի «Նրանք գնացին Արևելք» 1965թ. ֆիլմի փորձից: Թեև դերասանը բարեհաջող անցել է բոլոր փորձերը, սակայն նա չի նկարահանվել այդ ֆիլմում: Պատճառն այն էր, որ նա չի ցանկացել տևական ժամանակով հեռանալ իր կնոջից՝ Կլաուդիա Մորից, որի հետ ամուսնացել է 1964 թվականին, և մինչ օրս երջանիկ ապրում են: Նրանք 3 երեխա ունեն՝ Ռոզիման, Ջակոմոն և Ռոզալինդան:
Չելենտանոն ծնվել է 1938 թվականի հունվարի 6-ին` Միլանի հյուսիսում: Փոքր տարիքում նրան երաժշտությունը չի գրավել: Նա ավելի շատ տարված էր ժամագործությամբ, որոշ ժամանակ նույնիսկ աշխատել է իր մորեղբոր ժամագործական արհեստանոցում: Սիրողական ներկայացման մեջ նրա ելույթը հիացնում է հանդիսականներին, և շուտով նա ստանում է համերգների հրավերներ: 1950-ականներին նա մեծ ճանաչում է ձեռք բերում:
Չելենտանոն մի անգամ հայտարարել է, որ իր հոգին ռոքն է, և հենց դրանում կա ազատություն: Իր ստեղծագործական կարիերայի ընթացքում նա ավելի քան 40 ալբոմ է թողարկել՝ 150 մլն ընդհանուր քանակով: Երաժշտական գործունեությունից բացի` նա ակտիվորեն նկարահանվել է ֆիլմերում: Նրա դեբյուտը կինո եղել է Ֆեդերիկո Ֆելինիի «Քաղցր կյանք» հայտնի ֆիլմում էպիզոդիկ դերը: Չելենտանոն նկարահանվել է մոտ 4 տասնյակ ֆիլմերում:







































