Երկուշաբթի Վիեննայում համաժողովի ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, երախտագիտություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին, շփոթել է երկու պետությունները՝ Ավստրիան և Ավստրալիան: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Անկասկած, դա շփոթություն է եղել, սակայն շատ ավստրիացիներ չեն զարմանում, քանի որ իրենց երկիրը շատ հաճախ են մարդիկ շփոթում հասարակածից այն կողմ գտնվող պետության հետ:
20 րոպե անց գլխավոր քարտուղարը մասնակցել է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին նվիրված մամլո ասուլիսին: Ասուլիսի ընթացքում Պան Գի Մունը ներողություն է խնդրել՝ նշելով, թե լավ գիտի, որ Ավստրիայում կենգուրու չկա:
Ի դեպ, երկրի հուշանվերների խանութներում կարելի է գտնել մարզաշապիկներ կենգուրուի պատկերով, որի վրա կարմիր խաչ է քաշված և գրված՝ «Ավստրիայում կենգուրուներ չկան»:







































