«Նովայա գազետայի» տրամադրության տակ է հայտնվել մարդկանց առևանգմամբ զբաղվող բանդայի պարագլխի նամակագրությունը հատուկ ծառայությունների բարձրաստիճան աշխատակցի հետ: Պարբերականը մի քանի տարի լրագրողական հետաքննություն է անցկացրել բանդայի գործունեության վերաբերյալ: Բանդան գլխավորել է Դենիս Շիլինը՝ Շիլո մականունով, ով հովանավորներ ուներ ուժային կառույցներում, ինչի շնորհիվ նրան բազմիցս հաջողվել է խուսափել պատասխանատվությունից:
Այս տարվա ապրիլին Ինտերպոլի կողմից հետախուզվող Շիլոն և ևս 3 անձինք ձերբակալվել էին Մերձմոսկովյան Դմիտրովյան շրջանում, որտեղ նրանք պատանդ էին պահում միլիոնատեր Ալեքսանդր Բելոկամենսկուն՝ պահանջելով 4 մլն դոլարի փրկագին: Ձերբակալվածների թվում էր նաև մայրաքաղաքային ոստիկանության աշխատակից: Ի տարբերություն հանցակիցիների՝ Շիլոն հրաժարվեց ցուցմունք տալ՝ քննիչին ասելով. «Շուտով ինձ կարձակեն բարձրաստիճան ընկերները»:
Վերջերս ՆԳՆ աշխատակիցները որսացել էին «Բուտիրկայում» գտնվող Շիլինի համացանցային նամակագրությունը ոմն Նիկոլայ Անդրեևիչի հետ:
Համաձայն նամակագրության՝ իր ճակատագրի մեղմացման դիմաց Շիլոն պատրաստ է մատնել մի քանի պատվիրատուների և հանցակիցների:
Պարբերականը նշում է, որ նախկինում չի լսել Շիլոյի հետ թուրք ավազակների հետ ուժային գործողությունների մասին: Սակայն բացառված չէ, որ հենց Շիլոն և թուրքերն են մասնակից Անգլիայում երկու ռուսաստանցիների առեղծվածային մահվան դեպքին:
Հայտնի է, որ Շիլոն Ռուսաստանից դուրս է եկել Հայաստանի քաղաքացու անձնագրով (АG0540036)՝ Դենիս Շիմին անունով: Այցագիրը ձևակերպվել է Ուրուգվայի դեսպանատան միջոցով: Պարբերականի տվյալներով՝ անձնագրի ստացման գործում նրան օգնել է Հայաստանի ՆԳՆ աշխատակիցը: Նշվում է նաև, որ Երևանում գտնվող բանկերից մեկով անցել են բազմամիլիոնանոց գումարներ, որոնք վճարվել են պատանդների ազատ արձակման համար:

![]()







































